Ուղեցույց

Կարդա' ընտրական օրենսգիրքը:

Ստուգիր՝ առկա՞ է անունդ ընտրողների ցուցակում: 

Ծանոթացի'ր ընտրատեղամասում առաջադրված թեկնածուների ցանկին: 

Լավ հիշի'ր հատկապես ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, համաձայն  որի, յուրաքանչյուր ոք  ունի  տեղեկատվություն  ստանալու եւ տարածելու իրավունք:

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 27. 

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու  ազատությունը,  տեղեկատվության  ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում  է:

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների  բազմազանություն  առաջարկող  անկախ  հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը»: 

  • Անձը հաստատող փաստաթուղթ:
  • Առկայության դեպքում` լրագրողական վկայական:
  • Ջուր եւ սնունդ:
  • Առաջին անհրաժեշտության դեղորայք:
  • Նոթատետր:
  • Գրիչներ:
  • Ձայնագրիչ:
  • Բջջային հեռախոս:
  • Լուսանկարչական եւ տեսաձայնագրման ապարատ:
  • Հիշողության կրիչ (չիպ):
  • Լրացուցիչ մարտկոցներ (ապարատի, հեռախոսի):
  • Լիցքավորման սարք (ապարատի, հեռախոսի):
  • Անհրաժեշտ մալուխներ (USB cable):
  • Նախքան ընտրատեղամաս մեկնելը, պարզիր ընտրատեղամասից դուրս անվճար կամ վճարովի ինչ ինտերնետային կապի  հնարավորություններ կան (WiFi, ինտերնետ սրճարան, եւ այլն):
  • Նեթբուք:
  • Շարժական ինտերնետ:
  • Կարեւոր հեռախոսահամարներով նոթատետր:  
  • Լապտեր. երբեմն ընտրատեղամասերը հոսանքազրկվում են: Որպեսզի քո աչքից  ոչինչ չվրիպի, լապտեր ունեցիր: Լապտերը կօգնի նաեւ քեզ նկարահանումների ժամանակ, երբ լույսի աղբյուրը բավարար չէ որակյալ կադր ստանալու համար:
     
  • Oգտակար եւ կարեւոր կառույցների համարներ, կայքի հասցեներ, թեժ գծերի  եւ լրատվամիջոցների  կոնտակտային տվյալներ:

 

  • Մոտեցիր ընտրական հանձնաժողովի նախագահին, ներկայացի'ր եւ գրանցվի'ր: 
  • Գտի'ր այն վայրը, որտեղ կարող ես դիրքավորվել, եւ որտեղից չես խանգարի ընտրողներին ու ընտրական գործընթացին:
  • Հետեւի'ր, որ տեսանելի լինեն տեղամասի բոլոր անկյունները, որպեսզի կարողանաս տեսա եւ ֆոտո նկարահանումներ իրականացել:
  • Դու կարող ես հանգիստ տեղաշարժվել, մոտենալ ընտրացուցակներին, հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, դիտորդներին:
  • Տեղեկացի'ր, թե անհրաժեշտության դեպքում որտե՞ղ կարող ես լիցքավորել քո սարքերը:
  • Տեղեկացի'ր, կա արդյո՞ք WiFi անվճար ինտերնետային կապ ընտրատեղամասում:
  • Տեղեկատվության աղբյուրների հետ զրուցելիս վերցրու' նրանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստի հասցեն):
  • Մարդկանց հետ զրուցելիս` ներկայացի'ր:

  • Մի' միջամտիր ընտրական գործընթացներին:
  • Մի' ներքաշվիր բախումների մեջ:
  • Ինքդ վեճեր մի հրահրի'ր:
  • Մի փորձի'ր քեզ վրա վերցնել հանձնաժողովի նախագահի, անդամների, դիտորդների, վստահված անձանց դերը:
  • Մի օգտվի'ր հանձնաժողովի անդամների կամ ընտրատեղամասում գտնվող այլ անձանց կողմից առաջարկվող հյուրասիրությունից:
  • Խախտումներ տեսնելիս մի փորձի'ր կանխել, քո դերը դրանք ֆիքսելն է, նկարահանելն ու լուսանկարելը:
  • Ընտրացուցակներում մահացածի անվան առկայություն:
  • Ընտրացուցակներում ընտրողի անվան բացակայություն:
  • Ընտրացուցակներում հաշվառման հասցեում կողմնակի անձանց առկայություն:
  • Ընտրակաշառք ընտրողներին դրամական կամ այլ նյութական արժեքներ ու մթերքների  բաժանում:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրողի նկատմամբ:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում ընտրական հանձնաժողովի նկատմամբ:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում թեկնածուի վստահված անձի նկատմամբ:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում դիտորդի նկատմամբ:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում  լրագրողի նկատմամբ:
  • Բռնության կամ սպառնալիքի կիրառում լիազորված անձի նկատմամբ:
  • Քարոզչություն ընտրատեղամասի տարածքում. ընտրության օրն արգելվում է  քարոզչությունը, ուստի քարոզչության ցանկացած դրսեւորում ընտրատեղամասում կամ ընտրատեղամասից դուրս օրենքի խախտում է:
  • Քվեարկություն այլ անձի փոխարեն:
  • Քվեարկություն նույն անձի կողմից, մեկից ավելի անգամ:
  • Լցոնում. քվեարկված քվեաթերթիկների անօրինական լցոնում քվեատուփի մեջ: Լցոնումները հաճախ իրականացվում են՝ հրմշտոցներ ստեղծելու ընթացքում, երբ հանձնաժողովի ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնացած:
  • Քվեատուփի հափշտակում:
  • Բաց քվեարկություն. այլ անձանց կողմից քվեախցիկ մուտք գործելը, քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը համարվում է գաղտնի քվեարկության իրավունքի խախտում: «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:
     
  • Կարուսել. ընտրողը քվեախցիկ մտնելուց առաջ ունենում է քվեարկված թերթիկ, իսկ ստացած մաքուր քվեաթերթիկը դուրս է բերում տեղամասից՝ հանձնելով «պատվիրատուին»:
  • Ամենատարածված ընտրախախտումների ցանկը iDitord կայքում : 

 

  • Արձանագրի՛ր խախտումը (լուսանկարիր, ձայնագրիր, նշիր ժամը եւ տեղամասը, եթե հնարավոր է` խախտումն իրականացնողների անունները):
  • Տարածի՛ր տեղեկությունը www.Mynews.am-ում եւ սոցցանցերում, կամ տեղեկացրու լրատվամիջոցներին:
  • Փորձի՛ր պարզաբանումներ ստանալ ականատեսներից (հանձնաժողովի նախագահ, ընտրող, վստահված անձ, ոստիկան, եւ այլն):
  • Եթե  քո նկատմամբ գործադրում են հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում, դիմի՛ր հանձնաժողովի նախագահին եւ ոստիկանին:
  • Ընտրախախտումների ականատեսը լինելու դեպքում ահազանգի՛ր թեժ գծերով:

 

  • Եղի՛ր անաչառ եւ անկողմնակալ:
  • Հիշի՛ր, որ առաջնայինը հանրային շահն է:
  • Որեւէ փաստի մասին գրելուց առաջ ունեցի՛ր երկու կամ երեք աղբյուր:
  • Մի՛ պիտակավորիր մարդկանց:
  • Ճշտի՛ր միջադեպում ներգրավված բոլոր կողմերի տեսակետները:
  • Եթե դու միջադեպի ականատեսը չես, զրուցի՛ր ականատեսների հետ:

 

  • Հետեւի՛ր, թե ինչպես է փակվում քվեատուփը, եւ ինչպես է սկսվում հաշվարկը:
  • Արձանագրի՛ր արդյունքները:
  • Եթե հաշվարկի ընթացքից դժգոհություններ կան, ապա լսի՛ր կողմերի կարծիքներն ու փաստերը:
  • Արդյունքների մասին տեղեկատվությունը տարածի՛ր օպերատիվ կերպով:
  • Հաշվարկի ժամանակ ընտրատեղամասից դուրս մի արի, այլապես չես կարողանա նորից ներս մտնել:
  • Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն լուսանկարահանել եւ տեսանկարահանել քվեարկության արդյունքների հաշվարկի եւ ամփոփման գործընթացը:

 

Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով: 

Եթե ականատես ես
 
Եթե դու դեպքի վայրում ես կամ մասնակցում ես միջոցառման, եթե ժամանակ ունես՝ մի քանի րոպե­­ տրամադրի՛ր արագորեն որոշ գրառումներ անելուն, դեպքի վերաբերյալ քո դիտարկումները ձայնագրելուն կամ տեսածը՝ տեսագրելուն:
 
Մարդիկ 
 
Ովքե՞ր են ներկա, քանի՞սն են, ինչպիսի՞ն են, ինչպե՞ս են հագնված, արդյոք ներկա՞ են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մտապահի´ր խմբից մի քանիսին և գրի´առ դեպքի ընթացքում մարդկանց պահվածքի նկարագրությունները կամ տեսագրիր այն, ինչին ականատես ես լինում:
 
Վայրը
 
Որտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, Ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հատվածում ես գտնվում: Հանրապետության հրապարակու՞մ, Կասյան փողոցու՞մ: Տվյալ փողոցի ո՞ր հատվածում ես գտնվում, ի՞նչ խաչմերուկների մոտակայքում:
 
Գրի´ր, թե որտեղ ես գտնվում 
 
Եթե հստակ չգիտես, թե որ հասցեում եւ որտեղ ես գտնվում, հնարավորություն չունես որեւէ մեկից հարցնելու՝ նկարագրիր վայրը, նշելով, թե՝ ինչ կա մոտակայքում: Եթե տեսանկարահանում ես, ապա այնպիսի տեսապատկերներ արձանագրիր, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալու, թե որտեղ ես գտնվում:
Եթե շենքի ներսում ես, ապա նկարագրի´ր կառույցը, նշի´ր հասցեն:
 
Տրամադրություն
 
Փորձի´ր ֆիքսել, թե ինչպիսին է մասնակիցների, ներկաների ընդհանուր տրամադրությունը. ոգևորվա՞ծ են, զայրացա՞ծ, միգուցե ճնշվա՞ծ, խանդավառվա՞ծ … : Փորձիր նրանց տրամադրությունը նկարագրելու բառեր գտնել եւ տրամադրության մասին պատմել պատկերավոր օրինակներով: Իսկ եթե տեսագրում ես, ապա փոխանցի՛ր այն կադրերը, որոնք լավագույնս արտահայտում են տվյալ պահին տիրող տրամադրությունները:
 
Նախապատմություն
 
Ինչու՞ են մարդիկ հավաքվել: Ընդամենը մի քանի բառով ներկայացրու նախապատմությունը:
 
Բաղադրիչներ
 
Լավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններից. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչու:
 
Ո՞Վ
Միջոցառմանը ներգրավված անձանց անունները և նրանց դերը, (կազմակերպիչ, մասնակից, մրցակից, քաղաքական գործիչ, դիտորդ … ): Հարցազրույց վերցնելիս խնդրիր, որպեսզի քո զրուցակիցները հեգեն իրենց անունները: Սա կօգնի քեզ առանց տառասխալի գրել մարդկանց անուններն ու ազգանունները, պաշտոնները:
 
Ի՞ՆՉ
Գրի´ առ, տեսագրի´ր կամ ձայնագրի´ր այն դեպքերը, որոնց ականատեսը հենց դու ես: Շատ դժվար կարող է լինել ֆիքսել ամեն ինչ, այնպես որ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ կատարվում է քո շուրջը:
 
ՈՐՏԵ՞Ղ
Գրի´ առ, թե որտեղ ես գտնվում: Եթե տեսագրում կամ լուսանկարում ես, աշխատիր ֆիքսել այնպիսի կադրեր, որոնք կօգնեն դիտողներին պատկերացում կազմել վայրի մասին:
 
Ե՞ՐԲ
 
Նշի´ր միջոցառման անցկացման ճշգրիտ ամիսը և ամսաթիվը:
 
ԻՆՉՈՒ՞
 
Տեղեկացի՛ր ներկաներից կամ կազմակերպիչներից, թե ինչու՞ է տեղի ունեցել կամ ունենում տվյալ միջոցառումը, պատահարը: Եթե որեւէ կազմակերպված միջոցառման, նախաձեռնության ականատեսն ես, հարցրու, թե ո՞րն է այդ իրադարձության նպատակը:
 
Պատրաստման եղանակը
 
Պատկերացրու՛, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել:
Թույլ տու՛ր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելի՛ր նոթագրությունը կամ կցիր տեսա եւ ֆոտո պատմության տեքստը փաստերով:
 
Խավարտ
 
Որեւէ իրադարձության մասին պատմելիս` որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը:
 

 

Այս խորհուրդները կազմելու համար հիմք են հանդիսացել 15-ից ավելի հարցազրույցներ լրագրողների, ոլորտի մասնագետների ու բլոգերների հետ, ովքեր լրագրության եւ ընտրությունների լուսաբանման երկար տարիների փորձ ունեն:

Հարցազրույցներին մասնակցել են. Սամվել Մարտիրոսյանը` ՏՏ փորձագետ, Տիգրան Քոչարյանը` բլոգեր, Արթուր Պապյանը` բլոգեր, լրագրող, Մեսրոպ Հարությունյանը` «Խոսքի ազատության կոմիտեի» փորձագետ,  Աննա Իսրայելյանը ` առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր, Գեղամ Վարդանյանը` www.media.am-ի խմբագիր, «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ, Էմիլ Դանիելյանը` «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից, Լեւոն Բարսեղյանը` «Ասպարեզ» ՀԿ-ի նախագահ, Վահագն Հովակիմյանը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակից, Կարինե Ասատրյանը` Ա1+ հեռուստաընկերության թղթակից:

Ուղեցույցը կազմվել է «Մոբայլ տեխնոլոգիաները ընտրությունների իրազեկության բարձրացման համար» ծրագրի շրջանակներում:

Նախագիծը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Նախագիծը համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի (www.pjc.am ) 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում:

Նախագծի շրջանակներում ստեղծվել են նաեւ MyNews Mobile հավելվածներ Անդրոիդ, iPhone, Windows համակարգերով հեռախոսների համար:

Pages