Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա

 

57. Դրամի արհեստական արժևորման արգելում։ Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ` ինչով ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու մեջ։ Պետք է բացառվի այդ նպատակով ազգային արժույթը արհեստականորեն արժևորելու հանցավոր պրակտիկան։ Ազգային արժույթի արժևորման հիմքը հիմնականում պետք է լինի արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ։ Այս քայլը հետևո՚ղականորեն կիրականացվի 2013-2017թթ. ընթացքում։ 

58. Տրանսֆերտների օգտագործում տնտեսության զարգացման համար։ Արժույթային այլ (արտահանմամբ չպայմանավորված) տրանսֆերտների պարագայում ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժութային հոսքերը հանրապետություն` միջոցները փոխանցելով զարգացման ու կայունության պետական հիմնադրամ։ Վերջինիս միջոցներն իբրև վարկային ռեսուրս պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը վարկավորելու նպատակներով։

59. ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում: Ամեն տարի բյուջեից զատ ԱԺ-ում պետք է քննարկվեն և հաստատվեն ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։

60. Տնտեսական նորմատիվների սահմանում բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ: ԿԲ-ին պետք է իրավունք տրվի առևտրային բանկերից բացի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվները տարածել բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Եթե հաստատության գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության (ֆիննախի) կողմից, ապա նորմատիվները պետք է հաստատվեն համատեղ։

61. Բանկերի գրանցման պահանջների թուլացում: Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 1,5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 5 մլրդ դրամ է)։ Քայլը կիրականացնենք 3 տարվա ընթացքում։

62. ԿԲ-ի որոշումների բողոքարկման ընձեռում: Ամբողջովին պետք է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այն հաշվով, որպեսզի այս կամ այն հարցով ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները, առանց բացառության, հնարավոր լինի բողոքարկել դատարանում։ Այս քայլը կիրականացնենք անմիջապես։

63. ԿԲ-ում հակակշիռների ստեղծում։ Պետք է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասությունները որոշումներ ընդունելիս։ ԿԲ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները պետք է առանձնացնել։ 

64. Վերավարկավորման սահմանափակում: Վերավարկավորումը կամ վարկերի դուրս գրումը պետք է թույլատրել միմիայն ԱԺ կողմից օրենք ընդունելու պարագայում։ Օրենսդրական այս փոփոխությունները կարվեն արդեն 2013թ.։ Բացի այդ բանկային ու ֆինանսական ոլորտի հարկումը միավոր եկամուտի հաշվով տոկոսներով կհավասարեցվի տնտեսության մյուս ոլորտների հարկման մակարդակին։

65. Բանկերը` բաց բաժնետիրական ընկերություններ։ Բոլոր առևտրային բանկերը պետք է վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ, օրենսդրորեն պետք է ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները։ Իրականացումը` անմիջապես։

66. Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում։ Պետք է արգելվի ներդրումային նոմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ)։ Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները։ 

67. Մասնագիտացված բանկերի գործունեության թույլատրում։ Անցում պետք է կատարվի երկդաշտյա կամ էլ բազմադաշտյա նորմատիվների համակարգի (այսպես կոչված` ճկուն տնտեսական նորմատիվներ), ինչը թույլ կտա տարանջատել ներդրումային բանկինգը և առևտրային (ընթացիկ) բանկինգը, զարգացնել մասնագիտացված բանկերը։ Քայլը կիրականացնենք 5 տարվա ընթացքում։

68. Ավանդների ապահովագրման ընդլայնում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60%-ը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես` ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձանց։

69. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։ Քայլը կիրականացնեք 3 տարվա ընթացքում։

70. Բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում։ Բանկերը կարճ ժամկետում պետք է անցնեն կորպորատիվ կառավարման նորագույն համակարգերին։ Օրենսդրորեն սահմանազատումներ պետք է մտցվեն դրանց սեփականատերերի և կառավարիչների գործառույթների տարանջատման, բոլոր բաժնետերերի շահերը հաշվի առնող կառավարիչների ինստիտուտի ներդրման ուղղությամբ։ 

71. Բանկային ակտիվների աճի խրախուսում։ Թվարկված խնդիրների լուծմամբ 2017թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս քան 14 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70%-ը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրները համալրելու ուղղությամբ։ 

72. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում։ Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու նպատակով ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ կապիտալի շուկայի և ֆինանսական միջնորդության ոչ բանկային ինստիտուտների գործունեությանը։

73. Ֆոնդային բորսայի դերի շեշտակի բարձրացում։ Էական դեր պետք է ունենա հայկական անկախ ֆոնդային բորսան։ 1998-2012թթ. այս ինստիտուտի հնարավոր գործունեությունը մշտապես խափանվել է. տնտեսության առկա կենտրոնացվածության և իշխանությունների կողմից մենաշնորհների տիրապետման պայմաններում ֆոնդային բորսայի մասին խոսելն ավելորդ է։ Միայն տնտեսության մեջ անմիջական դերակատարում չունեցող իշխանավորների պարագայում է հնարավոր արժեթղթերի շուկայի գործունեությունը։ Այդ պարագայում ոչ միայն առևտրային բանկերը, այլև գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստացած ընկերությունները, ինչպես նաև տնտեսության զարգացման մեջ առանցքային նշանակություն ունեցող առևտրային կազմակերպությունները (մասնավորապես` արտադրական ենթակառուցվածքի ձեռնարկությունները), օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ, դրանց արժեթղթերը պարտադիր կարգով ենթակա լինեն հրապարակային սակարկությունների ֆոնդային բորսայում։ Այս միջոցառումների իրականացմամբ 2017թ. շուկայի կապիտալիզացիան կարող է կազմել ՀՆԱ-ի առնվազն 40%-ը (ներկայումս` 1-3%)։ 

74. Արժեթղթերի շուկան պետք է դուրս բերել ՀՀ ԿԲ-ի գործառույթներից։

75. Ֆինանսական համակարգի գերլիկվիդայնության բացառում։ Էականորեն պետք է թուլացվեն ԿԲ կողմից հաստատվող հաշվարկային, բանկային, լոմբարդային տոկոսադրույքները և տնտեսական նորմատիվները (բացառությամբ` կապիտալի համարժեքայնության նորմատիվի). բանկային ոլորտում առկա հսկայական ռեզերվներն ու գերլիկվիդայնությունը պարզապես վատնում են հասարակության ֆինանսական ռեսուրսները։ Այս միջոցառումների շնորհիվ կտրուկ կբարձրանա նաև վարկային ռեսուրսների մատչելիությունը։

76. Ներքին խնայողությունների հավաքագրման վերահսկում։ Արտասահմանյան ռազմավարական ներդրողներին պետք է արգելվի հավաքագրել ՀՀ ներքին խնայողությունները IPO-երի միջոցով՝ սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով։

77. Վերակառուցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և համահայկական բանկի գործունեության սկզբունքը։ Այս կառույցները պետք է գործեն ներդրումային հիմնադրամի կամ ներդրումային բանկի սկզբունքով` փայատիրության ու եկամտաբերության գերակայությամբ։ Ընդ որում պետական սոցիալական և արտադրական կառուցվածքներում կատարված ներդրումների եկամտաբերությունը պետք է երաշխավորվի պետության կողմից։ Այս քայլը կիրականացնենք 2 տարվա ընթացքում։

 

order: 
8