Ինչպես նշում էին Հին Աշխարհի մտածողները, լավագույն միապետը նա է, ով լավագույնս է ապահովում բնակչության բարօրությունը: Ոչինչ չի փոխվել այն ժամանակներից ի վեր: Փոխվել են կարգերը, չափանիշները, պահանջների իրականացման ձևերը և ուղիները, բայց ոչ պահանջների բնույթը: Հայ իրականության մեջ նախագահի մասին պատկերացումների իբրև գլխավոր բնորոշ գիծ կարող ենք առանձնացնել բնակչության մասին հոգ տանելը և յուրաքանչյուրի հոգսն ու մտահոգությունն ընկալելը: Պրակտիկորեն սա անհնար է, բայց նախագահին մշտապես ուղղված են նմանատիպ պահանջներ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու ուղիների որոնելու պահանջ և այլն: Բացի այդ Հայաստանի համար ներկա ժամանակներում առավել կարևոր խնդիր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել և լուծել արտաքին քաղաքական բանագավառում առկա խնդիրները, բարձր պահել մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միջազգային հարթակներում: Ահա, թե ինչ են պահանջում զանգվածները նախագահից. լինել միշտ զգոն, արագ արձագանքել այն իրավիճակներին, որոնք այս կամ այն կերպ կարող են վնաս հասցնել հասարակության բարօրությանը: Առհասարակ նախագահի վերաբերյալ ունեցած պատկերացումների և հայ ժողովրդին ծառայող նախագահի մասին պատկերացումների միջև հսկայական տարբերություն կա: Սա իհարկե պայմանավորված է ազգային առանձնահատկություններով: Եթե Իտալիայի վարչապետը կամ Ֆրանսիայի նախագահը կարող են վարել արկածախնդիր կյանք և դրանով հանդերձ մշտապես լինել ԶԼՄ-երի և հասարակության ուշադրության կենտրոնում, ապա Հայաստանի պարագայում այն ամենայն հավանականությամբ կարելի է բացառել: Հայ նախագահ լինելը շատ ավելի բարդ է: Եթե կարծում եք, որ միայն գեղեցիկ արտաքինն ու գեղեցիկ շարադրված խոսքը քաղաքական գործչի համար կապահովեն մեծ համբավ և վարկ, սխալվում եք: Իմիջի կերտումը շատ ավելի ջանքեր ու ժամանակ է պահանջում: Սրա վրա աշխատում են ինստիտուտներ` բազմաթիվ աշխատողներով: Ուստի իմիջիալոգիան պահանջում է ուշադրություն դարձնել բոլոր մանրամասներին`գուլպաների գույնի ընտրությունից մինչև ժեստերի կառավարում: Իհարկե իմիջիալոգիայի հայրենիք կարող ենք համարել Արևմուտքը, այնուամենայնիվ, մեր հանրապետությունում էլ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են: