Ինչ լավ է… Այս անգամվա նախագահական ընտրությունների թեկնածուները նոր դեմքեր էին: Կարծես թե հավատով պայքարում են 8 մլն դրամ ընտրագրավի դեմ: Եթե հաջողության հասնեն, մի օր էլ ես նախագահի թեկնածու կդառնամ` առանց 8 միլիոնի, առանց կենսագրության ու առանց աշխատանքի: Չեմ ընտրվի, բայց իմ մասին կխոսեն, կգրեն, կնկարեն, մանկուց երազել եմ…
Իրականում, եթե մի օր թեկնածությունս դնեմ, ապա միայն հաղթելու համար: Իսկ մինչև թեկնածություն դնելը, որպես շարքային քաղաքացի բոլոր անելիքներս արե՞լ եմ, թե՞ գլուխ եմ պահել... Երբ արդեն լավ քաղաքացի լինեմ` կդառնամ նախագահ: Մինչև նախագահ դառնալը մի նշանակալի բան արել եմ, թե աննշան եմ ապրել… Մարդ չպետք է նախագահ դառնալով` դառնա նշանակալի դեմք, այլ, նշանակալի ու կարևոր լինելով, դառնա նախագահ: Չէ, մարդ չպետք է դառնա նախագահ, մարդ պետք է ընտրվի նախագահ` ոչ թե «պտիչկաների» թվով հաղթի, այլ ժողովրդի ձայների թվով: ...Հետո կդառնամ նախագահ: Ոմանք էլ ամբիոնց լավ ճառ ասել են սովորում, սիրուն գովազդային պաստառներ են պատրաստում ու թեկնածություն դնում: Հա, մի կարևոր նախապայման ևս` իրենց ընդդիմություն են հռչակում ու իշխանությանը փնովում: Էդպես չեն դառնում նախագահ... Հիմա 8 գրանցված թեկնածու ունենք: Բոլորի գրանցումն արժեցել է 64 մլն դրամ /8*8/: 2 միլիոնից մի քիչ ավել բնակչություն ունեցող երկրի նախագահ դառնալու համար 64 միլիոն է պահանջվում: Սա մի քանի բնակարանի գին է` մի քանի անտունների համար, մի քանի ընտանիքների համար, մի քանի գյումրեցիների համար, մի քանի ծնողազուրկների համար, ովքեր մանկատներից հետո դրսում են հայտնվում... Ես հիմա չեմ դառնա նախագահ: Ամեն ինչ շախմատի է նման: Բոլոր զինվորներն ուզում են թագավոր դառնալ, բայց քչերն են հասնում այդ սահմանին: Կան զինվորներ, ովքեր այդպես էլ թագավոր չեն դառնում, բայց ողջ կյանքում թագավորի խաղ են խաղում, ու կան թագավորներ, որ զինվորից էլ մանր խաղ են ցույց տալիս: Ես համոզված եմ` լավ է լինել լավ զինվոր, քան` միջակ թագավոր... Ես կլինեմ լավ զինվոր, բայց երբեք միջակ թագավոր չեմ դառնա: Երբևէ սար բարձրացե՞լ եք, ապրեք, ես էլ: Ուրեմն գիտեք, որ իջնելն ավելի հեշտ է, քան բարձրանալը: Միջակությունն էլ վերևից հեշտ է իջնում. միջակ նախագահին` միջակ ժողովուրդ, բարով կառավարես վաստակածդ միջակ գահը... Մարդիկ էլ պարզ բանը հեշտ են սովորում, շուտ են սովորում: Ոնց որ մի ժամանակ ֆեյսբուքից չէին կարողանում օգտվել, վազում էին օդնոկլասնիկի, հիմա էլ նույնը: Երևակայությունն ավելիին չի ձգտում, ու մարդ, 5000 դրամով բավարարված, մի ընտրատեղամասից մյուսը շտապելով, մեկ օրում մի քանի անգամ քվեարկելով, ինքնագոհ նստում է 5 տարի` հաջորդ 5000-ի հույսով: Այս տարվա 5000 դրամանոց ձայները թող արդեն սուգ կապեն. չի լինելու ընտրակաշառաք, որովհետև մրցակցություն էլ չկա, բարդ է լինելու նրանց ընտրությունն այս անգամ: Երբեք ինքնուրույն ընտրություն չեն կատարել, հիմա ինչպես են անելու: Ես չեմ դառնա 5000 դրամանոց նախագահ: Մինչև նախագահ դառնալը, նախ ժամանակին երկրիդ նախագահի ճիշտ և պատասխանատու ընտրություն արա, հիշիր, որ բոլորի համար ես ընտրում, ոչ թե մենակ քեզ համար: Այս դեպքում, նախագահն էլ մենակ իր համար նախագահ կլինի:Չեմ լինի նախագահ մենակ ինձ համար...