Լավ թղթակիցը = լավ խոհարարի

Լավ ու հետաքրքիր պատմություն պատմելը գրեթե նույնն է, ինչ համեղ կերակրատեսակ պատրաստելը: Համե՞ղ է քո պատրաստած ուտեստը, թե՝ ոչ այնքան, պայմանավորված է օգտագործվող բաղադրատոմսով եւ նյութերով: Իսկ դու ունե՞ս համեղ եւ հետաքրքիր թղթակցություն պատրաստելու ցանկություն: Եթե այո՝ հետեւի´ր այս մի քանի խորհուրդներին: Մեզ, նախ և առաջ, անհրաժեշտ է «ստեղծագործել» թարմ բաղադրիչներով եւ նոր հնարքներով:

ԵԹԵ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՍ
Եթե դու դեպքի վայրում ես, կամ մասնակցում ես միջոցառման, ապա, եթե ժամանակ ունես՝ մի քանի րոպե­­ տրամադրիր արագորեն որոշ գրառումներ անելուն, դեպքի վերաբերյալ քո դիտարկումները ձայնագրելուն կամ տեսածը՝ տեսագրելուն:

ՄԱՐԴԻԿ
Ովքե՞ր են ներկա, քանի՞սն են, ինչպիսի՞ք են, ինչպե՞ս են հագնված, արդյոք ներկա՞ են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: Մտապահի´ր խմբից մի քանիսին և գրի´ առ դեպքի ընթացքում մարդկանց պահվածքի նկարագրությունները կամ տեսագրի´ր այն, ինչին ականատես ես լինում:

ՎԱՅՐԸ
Որտե՞ղ ես գտնվում. Երեւանու՞մ, Աբովյանու՞մ, ճամբարակու՞մ: Տվյալ քաղաքի կամ գյուղի ո՞ր հատվածում ես գտնվում: Հանրապետության հրապարակու՞մ, Կասյան փողոցու՞մ: Տվյալ փողոցի ո՞ր հատվածում ես գտնվում, ի՞նչ խաչմերուկների մոտակայքում:

Գրի´ր, թե որտեղ ես գտնվում. նշի´ր ճշգրիտ անվանումը, եթե չգիտես՝ հարցրո´ւ:

Եթե հստակ չգիտես, թե որ հասցեում եւ որտեղ ես գտնվում, հնարավորություն չունես որեւէ մեկից հարցնելու՝ նկարագրիր վայրը, նշելով, թե՝ ի՞նչ կա մոտակայքում: Եթե տեսանկարահանում ես, ապա այնպիսի տեսապատկերներ արձանագրիր, որոնք դիտողին հնարավորություն կտան հասկանալու, թե որտեղ ես գտնվում:

Եթե շենքի ներսում ես, ապա նկարագրի´ր կառույցը, նշի´ր հասցեն:

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե ականատեսն ես որեւէ իրադարձության, փորձի´ր ֆիքսել, թե ինչպիսին է մասնակիցների, ներկաների ընդհանուր տրամադրությունը. ոգևորվա՞ծ են, զայրացա՞ծ, միգուցե ճնշվա՞ծ, խանդավառվա՞ծ … : Փորձիր նրանց տրամադրությունը նկարագրելու բառեր գտնել եւ տրամադրության մասին պատմել պատկերավոր օրինակներով: Իսկ եթե տեսագրում ես, ապա փոխանցիր այն կադրերը, որոնք լավագույնս արտահայտում են տվյալ պահին տիրող տրամադրությունները:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ինչու՞ են մարդիկ հավաքվել: Ընդամենը մի քանի բառով ներկայացրու նախապատմությունը: Պատմությունը ներկայացնելու համար անհրաժեշտ վերոհիշյալ չորս կետերով դու այժմ տիրապետում ես լուր կառուցելու եւ գրելու համար բավարար տեղեկատվությանը:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Լավ եւ համեղ լուրի տեքստը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական հարցերի պատասխաններից. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչու:

Ո՞Վ
Միջոցառմանը ներգրավված անձանց անունները և նրանց դերը, (կազմակերպիչ, մասնակից, մրցակից, քաղաքական գործիչ, դիտորդ … ): Հարցազրույց վերցնելիս խնդրիր, որպեսզի քո զրուցակիցները հեգեն իրենց անունները: Սա կօգնի քեզ առանց տառասխալի գրել մարդկանց անուններն ու ազգանունները, պաշտոնները:

Ի՞ՆՉ
Գրի´ առ, տեսագրի´ր կամ ձայնագրի´ր այն դեպքերը, որոնց ականատեսը հենց դու ես: Շատ դժվար կարող է լինել ֆիքսել ամեն ինչ, այնպես որ կենտրոնացիր այն ամենի վրա, ինչ կատարվում է քո շուրջը:

ՈՐՏԵ՞Ղ
Գրի´ առ, թե որտեղ ես գտնվում: Եթե տեսագրում կամ լուսանկարում ես, աշխատիր ֆիքսել այնպիսի կադրեր, որոնք կօգնեն դիտողներին պատկերացում կազմել վայրի մասին:

Ե՞ՐԲ
Նշի´ր միջոցառման անցկացման ճշգրիտ ամիսը և ամսաթիվը:

ԻՆՉՈ՞Ւ

Տեղեկացիր ներկաներից կամ կազմակերպիչներից, թե ինչու՞ է տեղի ունեցել կամ ունենում տվյալ միջոցառումը, պատահարը: Եթե որեւէ կազմակերպված միջոցառման, նախաձեռնության ականատեսն ես, հարցրու, թե ո՞րն է այդ իրադարձության նպատակը:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Այժմ, երբ հավաքել ես լրատվական նյութ թխելու կարեւոր բաղադրիչները, պատրաստ ես ընդհանրացնել պատմությունը`գրել դրա մասին կամ պատմել տեսանյութերի օգնությամբ:

Նույնիսկ տեսանյութ կամ ֆոտո պատմություն տեղադրելիս լավ կլինի, որ հակիրճ նոթ գրես՝ դիտողին հավելյալ տեղեկատվություն տրամադրելու եւ նրան քո տարածած նյութն ավելի լավ հասկանալու հնարավորություն ընձեռելու համար:

Նույնիսկ ամենափորձառու լրագրողին գրառումների կույտը կարող է խճճել: Սա հաղթահարելու լավագույն ձևը բոլոր գրառումները վերանայելն է, այնուհետև միացրո´ւ ձայնագրիչը:

Պատկերացրու՛, թե խոսում ես ընկերոջդ հետ և պատմում այն ամենի մասին, ինչին հենց նոր ականատես ես եղել:

Թույլ տու՛ր, որ պատմությունը բանավոր շարադրելու բնական բնազդը առաջնորդի քեզ: Պարզապես խոսի՛ր: Հավելիր նոթագրությունը կամ տեսա եւ ֆոտո պատմությանը կից տեքստը փաստերով:

ԽԱՎԱՐՏ
Որեւէ իրադարձության մասին պատմելիս`որպես խավարտ կարող ես հրամցնել ամենավերջին եւ էական տարրը քո լսարանի համար. բացատրի´ր լսարանին`ինչու՞ է այն, ինչի մասին որ պատմում ես, կարեւոր լսարանի եւ քեզ համար: Ինչու՞ մարդիկ պետք է ժամանակ ծախսեն եւ դիտեն քո պատրաստած թղթակցությունը կամ կարդան քո բլոգային նոթագրությունը:

Օգնի՛ր, որ մարդիկ հասկանան, թե որքանով է այս պատմությունն իրենց առնչվում:

Ամփոփի´ր խավարտը մեկ կամ երկու նախադասությամբ, գրի´ր դրա մասին քո նոթի առաջին երկու կամ երեք պարբերությունից հետո:

Իրադարձությունների լուսաբանման այս ձեւը միակ բաղադzատոմսը չէ, սակայն սա կարող է ծառայել քեզ բազմաթիվ իրավիճակներում` միջոցառումների, հարցազրույցների կամ ականատես վկայությունների մասին պատմություններ կամ թղթակցություններ պատրաստելու ժամանակ:

Լուր գրելու հիմունքներին տիրապետելուց հետո, կարող ես առանց երկմտելու անցնել նյութերը  նորարար հնարքներով ներկայացնելու գործին:

Ուենդի Նորիս եւ Սեդա Մուրադյան
18.07.2011