Մարիամ ու Մերի Դիլանյաններն այսօր` մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր են եկել Ստեփանավանի շրջանի Ուռուդ գյուղից, որպեսզի Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնն այստեղ նշեն: Այսօր Սարդարապատի հուշահամալիր էին շտապում ոչ միայն արմավիրցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները, այլև հեռու շրջանների բնակիչները:
Հուշահամալիրի այցելուներից ոմանք տոնը նշում էին տարածքի ռեստորանում, մյուսները շտապում էին թանգարան` դիտելու պատմական նշանակության մասունքները: Ռեստորանի բակում մարդիկ պարում էին մեր հաղթական քոչարին. նրանց շարքերում նկատեցինք հայտնի դերասան Ազատ Գասպարյանին, ում հետ բոլորը շտապում էին պարել և լուսանկարվել:
Տարբեր դպրոցների աշակերտներ էին այստեղ, որոնցից, ցավոք, ոչ բոլորն էին տեղյակ օրվա նշանակությանը, և իրենց այստեղ լինելը պարզապես էքսկուրսիա էր և ուրիշ ոչինչ: Իմ այն հարցին, թե այսօր ինչ տոն ենք մենք նշում, աշակերներից ոմանք հստակ չպատասխանեցին:
Կեսօրից հետո Սարդարապատի հուշահամալիրի հաղթական տեսքն արդեն աղավաղված էր: Ավանդույթ է դարձել, կարծես, հանրային միջոցառումների ժամանակ տարածքն աղտոտելը: Մի կողմից աղբամանների ոչ բավարար քանակը, մյուս կողմից քաղաքացիների ոչ սրտացավ վերաբերմունքը, լրացնելով միմյանց, ստեղծել էին հետևյալ պատկերը: Ես հուշահամալիրում եղա ժամը 14-17-ն ընկած ժամանակահատվածում. սա 3 ժամ է, իսկ դա բավականին երկար ժամանակահատված էր տարածքի աղբը մաքրելու համար: Սակայն այդպես էլ ոչինչ չարվեց: Սարդարապատ էին եկել նաև տուրիստական խմբեր. ինչ կարծիք են կազմելու օտարերկրացիները մի ազգի մասին, որն իր երկրի կարևորագույն տոներից մեկը նշում է արևածաղիկ, պաղպաղակ, անուշեղեն ուտելով և թղթերն ու մնացորդներն աջ ու ձախ նետելով:
Ցանկանում եմ հիշեցնել նաև ապրիլի 24-ի մասին, երբ նույն երևույթին ականատես եղանք նաև Ծիծեռնակաբերդում` Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրում http://www.mynews.am/node/820: Ինձ մնում է ավելացնել միայն. ուզում եմ ապրել մաքուր երկրում, բարձր գիտակցություն ունեցող քաղաքացիների կողքին…
Ի դեպ, շնորհավոր տոնդ, Հայաստա’ն…
Անտարբեր մարդիկ և կազմակերպիչները
Քանի որ չկային բավարար քանակությամբ աղբամաններ, իսկ մարդիկ` առիթից օգտվելով, աղբը նետում էին ուր պատահի: