Նոյեմբերի 5-8-ը Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում եւ Արամ Խաչատրայնի տուն-թանգարանում «Բաց մոլորակ» միջազգային կազմակերպությունն անցկացրեց «Դուք մեր հպարտությունն եք» խորագրի ներքո տաղանդավոր պատանիների միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը:
Հայաստանից երեք մասնակից դաշնամուր անվանակարգում արժանացան դափնեկրի կոչմանը` 12-ամյա Գայանե Ասլանյանը (1-ին մրցանակ), 11-ամյա Անի Բոստանչյանը (2-րդ մրցանակ) եւ Սարգիս Թաֆնակաջին (Թուֆենկչյանը, 2-րդ մրցանակ): Նրանք բոլորն էլ սովորում են Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում: Հայաստանը ներկայացնում էին 6 մասնակից (4 դաշնամուր, 2 լարային գործիքներ), ովքեր մրցում էին Վրաստանից ( ավելի քան 45 մասնակից) Սիրիայից եւ Ղազախստանի ժամանած տաղանդավոր պատանիների հետ: Մրցույթի անվանակարգերն էին ՝ դաշնամուր, լարային գործիքներ եւ վոկալ: Ժյուրիի կազմում ընգրկված էին Վրաստանի եւ Հայաստանի անվանի երաժիշտներ՝ ջութակահար Նիկոլայ Մադոյանը, դիրիժորներ Բաադուր Սամադաշվիլին եւ Սերգեյ Սմբատյանը, դաշնակահարներ Նինո Կատամաձեն, Ն.Կուպատաձեն, Լ. Շուբլաձեն եւ Ն.Չաիձեն, ինչպես նաեւ վոկալի մասնագետ Ն.Սիմոնիշվիլին: Ուշագրավ էր Սիրիայից գաղթած Սարգիսի ելույթը: Նա շատ կարճ ժամանահատվածում (2 ամսվա ընթացքում) իր ուսուցչի՝ Կարինե Հարությունյանի օգնությամբ, կարողացել էր լավ պատրաստվել եւ պատշաճ մասնակցեց մրցույթին, արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի համակրանքին: Սակայն դա Սպենդիարյանի անվան դպրոցի սաների վերջին ժամանակների միակ նվաճումը չէ: Նոյեմբերի 4-ին Գերմանիայում` Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում կայացած «Ոսկե ստեղն» դաշնակահարների միջազգային մրցույթում 14-ամյա Արեւիկ Թորոսյանը, ով սովորում է այս դպրոցի ուսմասվար Հասմիկ Հակոբյանի դասարանում, 12 երկրներից ժամանած 52 մասնակիցների մեջ գրավել էր երկրորդ տեղը, կիսելով այն Վրաստանի ներկայացուցչի հետ: Բախի, Բեթհովենի եւ Լիստի ստեղծագործությունների հայ երաժշտի հրաշալի կատարումը անտարբեր չէր թողել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլն երկրների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի անդամներին: Առաջին տեղը բաժին է հասել Գերմանիայի երաժշտին: Պետք է նշել, որ սա Արեւիկի առաջին հաջողությունը չէ : Տաղանդաշատ պատանի երաժիշտը մասնակցել է հինգ երաժշտական մրցույթների` մշտապես գրավելով բարձր տեղեր: 2007թ-ին Երևանում նա դարձել է Ալ. Սպենդիարյանի անվ. հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիր, 2008 թ-ին Իտալիայում` Վալերիա Մարտինա դաշնակահարների միջազգային մրցույթի գրան պրիի հաղթող, Վրաստանում` Թբիլիսիի երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր (2009թ), Սիրիայում` Դամասկոսի Սոլի Ալ Վադի դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2009թ), Երևանում` Առնո Բաբաջանյանի անվ. պատանի դաշնակահարների մրցույթի 2-րդ մցանակակիր (2011թ): Եւ վերջին հաջողությունը ուղեկցել է նրան Գերմանիայում: Մրցույթի կազմակերպիչն ու աջակիցը «Թբիլիսցիների միջազգային ակումբ»-ի նախագահ Էդուարդ Էդիկիսելովն էր: