Հնգյակի կարեւորությունը

Լրագրողական հմտությունները նոր մակարդակ տեղափոխելու գործընթացը երբեմն ենթադրում է մարտահրավերներ ՝ երկար ժամանակ պահպանվող կանոններին: 

Հինգ հարցական դերանունները (ո՞վ, ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ եւ ինչո՞ւ) տարիներ շարունակ հանդիսացել են լրագրողական նյութի կառուցման հիմնական կմախքը, որին մենք՝ լրագրողներս, սրբությամբ հետեւում ենք: Սակայն, հիմնական բաղադրիչները կիրառելուց բացի, մենք նաեւ պետք է պատրաստ լինենք սոցիալական մեդիայի ոլորտում նոր մտածողությունն ընդունելուն եւ դրան հարմարվելուն: 

 Լոնդոնի քաղաքային համալսարանի (City University) լրագրության պրոֆեսոր, լրատվամիջոցների գծով խորհրդատու Փոլ Բրեդշոուն Առցանց լրագրության բլոգում (Online Journalism Blog) ներկայացնում է 6 նոր խելամիտ գաղափարներ. 

1. Ո՞ւմ հետ կարող եմ կապվել 

Այստեղ սկսվում է լրագրության եւ սոցիալական լրատվամիջոցների հատման ամենահետաքրքիր մասը: Ներկայում լրագրողները կարող են առավել հասանելի դարձնել որեւէ թեմայի վերաբերյալ իրենց խորը գիտելիքները, որոնք ձեռք են բերվել նյութերի ուսումնասիրության ընթացում: 

Օգնեք ձեր ընթերցողներին կապվել միմյանց հետ`զրույցներ նախաձեռողի եւ միջնորդի դեր ստանձնելով ձեր կայքի մեկնաբանություններում: Խոսեք նրանց հետ Twitter-ում, Facebook-ում կամ սոցիալական մեդիայի այլ հարթակներում`ավելի շատ մարդկանց զրույցի ներգրավելու համար: 

Կապ հաստատեք ընթերցողների եւ ձեր նյութում ներկայացված խնդիրների վերաբերյալ սոցիալական աջակցություն ցուցաբերող կամ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջեւ: 

Հղումներ, խնդրագրեր եւ կայքի առանձին հատվածում տեղ գտած հարց ու պատասխաններ ներկայացնելը, համապատասխան ակտիվիստների, մասնագետների ներգրավելը նյութի ստեղծման գործում չի նշանակում պաշտպանել որեւէ դիրքորոշում: Սա ընդամենը ձեր ընթերցողներին իրազեկված որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ աղբյուրների եւ մարդկանց ու ռեսուրսների մասին տեղեկություններ հաղորդելու գրագետ փորձ  կարող է լինել:

2. Ի՞նչ է կարդացել լրագրողը, նախքան նյութ գրելը  

Սկզբնաղբյուրի բացահայտումը կարող է նպաստել ձեր կատարած աշխատանքի նկատմամբ ընթերցողների վստահության աճին: Հղումների օգնությանը դիմելն այս նպատակին հասնելու ամենաակնհայտ տարբերակն է: 

Ավելի գործուն տարբերակ են հանդիսանում սոցիալական էջանշանային կայքերը, (ինչպես օրինակ Delicio.us կամ Diigo.com կայքերը) նաեւ`նյութին բնորոշ փոխարկվող պիտակների միջոցով համացանցային փաստաթղթերը եւ պատկերները կիսելը, ինչը թույլ կտա ընթերցողներին հետեւել ձեր նյութի նախապատրաստական փուլին: 

DocumentCloud.org մեկ այլ անվճար ծառայություն է, որը թույլ է տալիս տարածել, հրապարակել եւ մեկնաբանել համացանցում տեղ գտած փաստաթղթերը: 

Ներբեռնելուց հետո, փաստաթուղթը կարելի է որոնել`տվյալների դուրսբերման գործընթացը հեշտացնելու նպատակով կամ ներգրավել կամավորների. ընթերցողների՝ տեղեկատվության ուսումնասիրման համար: 

3. Որտե՞ղ է այն տեղի ունեցել 

Աշխարհագրական վայրերի պիտակավորմամբ պատրաստված նյութերը բացահայտում են տվյալների դուրսբերման եւ համատեքստային տարրերի նոր աշխարհ`թույլ տալով ձեր ընթերցողներին միանգամայն նոր ձեւով ընկալել լուրը:  

Ձեր բովանդակության կարգավորման բաժնում պարզապես ավելացրեք տեղակայման վայրը պիտակը, օրինակ` ք. Արտաշատ կամ Ազատության հրապարակ Երեւանում: 

Սա թույլ է տալիս ձեզ եւ ձեր ընթերցողներին աշխարհագրական առումով հետաքրքրություն ներկայացնող նյութերը միմյանց կապող քարտեզներ ստեղծել: Google Mapmaker, Open Street Maps կամ Ushahidi-ի CrowdMap կայքերում կարելի է գտնել կցվող քարտեզների ստեղծման համար նախատեսված անվճար ծրագրեր:  

4. Ինչո՞ւ չպետք է անտարբեր լինել 

Նյութի համատեքստի եւ արդիականության ապահովումը նոր մեդիայի/լրատվամիջոցների բնագավառում մասնագիտացած լրագրողի կարեւոր հմտություններից է համարվում: Ձեր կողմից լուսաբանված նյութն անձնավորելու, ընթերցողներին ավելի հասկանալի լեզվով ներկայացնելու համար մի շարք հնարքներ կան: 

Օրինակ. 

- Կարելի է հրապարակման մեջ ներառել տեղեկություններ այն մասին, թե լուաբանվող խնդիրը, կամ թեման ինչպես է ազդում ձեր ընթերցողների վրա:

- Կարող եք ավելացնել որոնելի Google հաշվաղյուսակ կամ թվերով համալրված տվյալների բազա, որը կանխատեսում է, օրինակ, հարկերի աճին նախորդող եւ հաջորդող արդյունքները: 

- Tableau-ի կամ Many Eyes-ի միջոցով տեղեկատվական գրաֆիկաների ներմուծումը հնարավորություն կտա ձեր ընթերցողներին նոր, հետաքրքիր ձեւով վերլուծել եւ համադրել տվյալների մշակման արդյունքները: 

- Storify-ի միջոցով կարելի է ստուգել սոցիալական լրատվամիջոցների հրապարակումները եւ մեկնաբանությունները լուրի հետ առնչվող [իրադարձությունների] կամ վերջին նորությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի ձեր ընթերցողներին ծանոթանալ այլ լրագրողների եւ հասարակության անդամների տեսակետներին: 

5. Իրադարձություններ, որոնց մասին անհրաժեշտ է տեղյակ լինել 

Ձեր կայքում կարող եք իրադարձությունների օրացույց կազմել, որը վերաբերում է ձեր հրապարակումներում նշված միջոցառումներին. սա կարող է ընթերցողներին ներգրավելու մեկ այլ հիանալի գործիք դառնալ, սակայն օրացույց պահելը կարող է աշխատատար լինել: Միջոցառումներին հետեւելու պակաս ինտենսիվ տարբերակ է կայքին Google –ի հանրային օրացույց կցելը, որը կարող է ուսումնասիրվել եւ թարմացվել ընթերցողների կողմից: Ձեր նյութում որեւէ միջոցառման կազմակերպչի կայքի հղումը կամ հեռախոսահամարը հեշտ ձեռքբերվող, սակայն անտեսված արժեք է ներկայացնում ձեր ընթերցողների համար: 

6. Ինչպե՞ս կարող եմ հասնել փոփոխությունների 

Առցանց լրատվական կայքերի ընթերցողները ակնկալում են մարդկանց եւ խնդիրների հետ որոշակի կապերի հաստատում: 

Միջոցառումների օրացույցն իր տրամաբանական եզրափակմանը հասցնելը, ակտիվիստների եւ կազմակերպությունների կողմից հնչեցվող բազմազան «գործի անցնելու» կոչերը,  ցուցակագրելը, բազաների հավաքագրումն ու դրանց հասկանալի լեզվով հանրությանը ներկայացնելը, օգտակար հղումներ կատարելը հնարավորություն է տալիս ձեր ընթերցողներին ներգրավվել քաղաքացիական , հասարակական կյանքի միջոցառումներին՝  իրենց հարմար արագությամբ: 

Ձեր աշխատանքի հավասարակշռումը`որպես ազնիվ, պատասխանատու լրագրող եւ հասարակության հիմքերի պահապան, ձեր հրապարակումներին խորություն է հաղորդում` հնարավորություն տալով ընթերցողներին ավելի իրազեկված լինել եւ հնարավորինս արդյունավետ կերպով օգտագործել ստացած տեղեկատվությունը: 

Բրեդշոուի առաջարկների իրական գեղեցկությունը կայանում է նրանում, որ դրանք կարելի է անմիջականորեն ներմուծել ձեր հրապարակումներում կամ օգտագործել դրանք`նյութը հրապարակելուց հետո ընթերցողների մասնակցությունը խթանելու նպատակով: 

Ուենդի Նորիս
18-ը օգոստոսի, 2011թ.