Ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից թիրախային խումբ են իշխանության ներկայացուցիչները` վարչապետը և նախարարները, որոնց պետք է կրթել: Նա այս տեսակետը հայտնեց և մեկնաբանեց հունվարի 23-ին տեղի ունեցած «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:
Քննարկմանը ներկա էին ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան ելույթներով` խոսելով ռազմավարության դրույթների, բացթողումների և թերի կողմերի մասին: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ Հայաստանում այսօր հրատապ է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման խնդիրը, որի լուծմանը կնպաստեն նմանատիպ քննարկումները: «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր հարցը նախագահի լիազորությունների և իշխանության սահմանափակումն է, «անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից»: Ավ. Իշխանյանը նկատեց, որ ռազմավարությունում քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանական բաժանմունքներում անձանց նկատմամբ կատարվող խոշտանգումների կանխարգելման քայլերի մասին մեկնաբանություններ չկան: Նա մտահոգություն հայտնեց նաև այն հարցի վերաբերյալ, որ ըստ օրենքի լրագրողների մուտքը ՔԿՀ չի արգելվում, սակայն օրենքը չի գործում, լրագրողների մուտքը քրեակատարողական հիմարկներ խոչընդոտվում է և արգելվում: Ըստ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի բանախոսի` փաստաթղթի նկատմամբ պրոֆեսիոնալ վերաբերմունք չի ցուցաբերվել:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հակված է մտածելու, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացթողումներն ու թերացումները ոչ թե պետական պաշտոնյաների միտումնավոր գործողությունների արդյունք են, այլ նրանց անտեղյակության և անգրագիտության հետևանք: Անդրադառնալով տեղեկատվության ազատության խնդրին` Բարսեղյանը նշեց, որ իշխանությունն իր փողերը չունի, ժողովրդի փողերն է ծախսում, ուստի բարեխիղճ իշխանությունը պետք է պատշաճ տեղեկատվություն տրամադրի հանրությանը և հաշվի նստի նրա կարծիքի հետ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել է հայտարարություն, որում ասվում է, որ շատ դեպքերում սահմանափակվում կամ խոչընդոտվում է լրագրղների աշխատանքը:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ տեղի են ունենում խտրական մոտեցում, ըստ այդմ՝ հերթական անգամ ԶԼՄ-ները բաժանվում են յուրայինների եւ օտարների, ինչը չափազանց արատավոր երեւույթ է՝ հատկապես ընտրությունների ժամանակ»։Հայտարարության տակ ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ ՀԿ