Մեկ կադր DIYում
Մեկ կադր DIYում
Հունիսի 13-ին կրկին վերաբացված DIY ակումբում ֆիլմեր էին ցուցադրվում «Մեկ կադր» փառատոնից: Կարճ ֆիլմերի միջազգային այս փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին ռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից: Այս տարի այն անց է կացվել մայիսին:
Ի սկզբանե, փառատոնը նախատեսված էր 1 րոպեանոց ֆիլմերի համար, որոնք նկարահանված էին մեկ կադրով: Հետագայում արդեն, ինչպես նշում է հիմնադիր նախագահը, փառատոնին սկսեցին ներկայացնել կարճամետրած ֆլիմեր, քանի որ 1 րոպեանոց ֆորմատում ռեժիսորներն արդեն սպառել էին իրենց ասելիքը և աճի կարիք ունեին:
DIY-ում ցուցադրվեցին ժյուրիի հատուկ հիշատակման արժանացած 2 ֆիլմ, ինչպես նաև առաջին մրցանակը ստացած ֆիլմը: Բոլորն էլ ստեղծվել են վերջին 2 տարվա ընթացքում:
Արգենտինացի Դամիան Դիոնիսիոյի «Բացակա հայացքները» աբստրակտ կերպով ներկայացնում էր Արգենտինայի վերջին 40 տարվա պատմության հետքը երեխաների վրա. այսօրվա սերունդից շատերի ծնողները սպանվել են, իսկ իրենք նույնիսկ չգիտեն՝ ով են:
Իսպանացի ռեժիսոր Դավիդ Մունօզի «Եվս մեկ գիշեր երկրի վրա» ֆիլմում ներկայացված են Եգիպտոսում հեղափոխության օրերին տաքսիստների և ուղևորների միջև ծավալված երկխոսությունները: Նկարահանման կանոնների՝ մեքենայում տեղադրված տեսախցիկի մասին գիտեին միայն տաքսիստները: Մարդիկ խոսում էին Թահրիրի (Ազատության) հրապարակում կատարվող դեպքերի վերաբերյալ, իրենց կյանքի ծանր պայմաններից և այլն: Ցուցադրությունը արժեքավոր էր նրանով, որ դիտմանը մասնակիցները փորձեցին զուգահեռներ տանել Հայաստանի և Եգիպտոսի միջև: Ոմանք կարծում էին, որ Հայաստանում տաքսիստ-ուղևոր խոսակցությունները միանգամայն այլ թեմաներով են, իսկ մյուսներն էլ հիշեցին, որ շատ են խոսել քաղաքականությունից որեւէ տաքսու վարորդի հետ:
Հաղթած ֆիլմը լեհական արտադրության «Սառեցված պատմվածքներն» էր, ամենայն հավանականությամբ՝ Լեհաստանի կառավարության ավիավթարի արձագանքը երիտասարդների աչքերով: Ֆիլմում առկա է լեհերին բնորոշ սառությունն ու անտարբերությունը, բայց այդ ամենը ներկայացված է հումորով, ինչն էլ հենց առիթ էր ժյուրիի անդամ Ծովինար Նազարյանի համար ֆիլմի օգտին քվեարկելու:
Ցավոք, այս ֆիլմերը հնարավոր չէ ազատ գտնել ինտերնետում, սակայն կազմակերպիչները խոստացան, որ այսպիսի դիտումներ նորից կանցկացվեն:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





