20 տարի սպասված հանդիպում
20 տարի սպասված հանդիպում
Նախկին համակուրսեցիներ Անահիտն ու Սվետլանան չէին հանդիպել ավելի քան 20 տարի: Նրանք կորցրել էին կապը Երեւանի հիդրոմելոտարիվ տեխնիկումն ավարտելուց մի քանի տարի անց:
Երջանիկ պատահականությամբ մի քանի ամիս առաջ նրանք գտել էին իրար եւ այսօր տեղի ունեցավ այդքան սպասված հանդիպումը: Քայլեցին հենց այն նույն ճանապարհով, որով անցել էին 20 տարի առաջ, հիշեցին անցած ուսանողական տարիները, որոնցից միայն լավ հուշեր են մնացել:
Ինչպես իրենք էին ասում, արդեն կորցրել էին հույսը, որ կրկին կտեսնեն իրար, քանի որ միմյանց գտնելու բոլոր ջանքերն արդյունք չէին տվել:
Տեխնիկումն ավարտելուց հետո նրանցից յուրաքանչյուրն ընտրել էր իր ճանապարհը: Սվետլանան ամուսնացել եւ տեղափոխվել էր Բերդ քաղաք, իսկ Անահիտը` Արարատի մարզ: Ժամանակի ընթացքում խորանալով ընտանեկան հոգսերի մեջ՝ կարծես թե մոռացել էին միմյանց, սակայն, կրկին հանդիպելու հույսն այդպես էլ չէր մարել:
Հիմա Սվետլանան աշխատում է Բերդ քաղաքի առաջին ատյանի դատարանում: Մի քանի ամիս առաջ իր մոտ են տարել զինծառայողի, որից պետք էր անձնական տվյալներ վերցնել` արձանագրություն կազմելու համար: Զինծառայողի հասցեն համընկնել է հենց այն գյուղի հետ, որտեղ բնակվում է իր նախկին համակուրսեցին` Անահիտը: Հենց զինվորի միջոցով էլ ճշտել է վերջինիս հեռախոսահամարն ու զանգահարել...
Անահիտն ասում է՝ շատ էր հուզվել, քանի որ գրեթե ոչ մի տարբերակ չկար միմյանց հետ կապվելու: Անգամ օրվա մեծ մասը միասին անցկացնելուց հետո իրար պատմելու դեռ շատ պատմություններ մնացին, ուստի խոստացան էլի ու ավելի հաճախ հանդիպել...
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





