Միակ հույսը բնապահպաններն են
Միակ հույսը բնապահպաններն են
Թեղուտի հանք, Մարց գետ, Արմանիսի ոսկու հանք, Երեք գետեր, սրանք այն վայրերն են, որոնց փրկության միակ հույսը բնապահպաններն են: Բնապահպանները պայքարում են, մարդիկ` քննադատում, երիտասարդները` միանում բնապահպաններին, իսկ այդ ընթացքում ժամանակն ու մարդկանց մի խումբ անում են իրենց սեւ գործը` աղտոտելով օդը, շրջակա միջավայրը, ջրերը, բնությունը. մի խոսքով` անում ամեն ինչ, որպեսզի ոչ թե ապրես, այլ գոյատեւես:
Հարցին, թե որն է Վանաձորում թիվ մեկ բնապահպանական խնդիրն ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի տնօրեն Ինգա Զառաֆյանի, վերջինս պատասխանեց, որ չի կարող կոնկրետ մեկն առանձնացնել, քանի որ դրանք բոլորն էլ կարեւոր են:
«Բոլորն էլ լուրջ խնդիրներ են մարզի համար, քանի որ դրանցից յուրաքանչյուրը աղտոտում են կամ օդը, կամ ջուրը, կամ էլ հողն ու շրջակա միջավայրը»,-ասաց Զառաֆյանը եւ հավելեց, որ բնապահպանական խնդիրները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի ընկերությունները, որոնք օգտագործում են բնության բարիքները, միշտ զգոն լինեն:
Վանաձորի բնակիչներից ոմանք նույնպես ակտիվ պայքարում են տեղի բնապահպանական խնդիրների դեմ, մյուսները լռում են, քանի որ իրենց ընտանիքի միակ աշխատողը հենց այդ` առողջության համար վտանգավոր կազմակերպությունում էլ աշխատում է: Սակայն անգամ նրանք, ովքեր լռում են, միեւնույնն է, անտարբեր չեն:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





