Սարդարապատում տեղի ունեցավ Տոլմայի փառատոնը
Սարդարապատում տեղի ունեցավ Տոլմայի փառատոնը
Հուլիսի 11-ին Սարդարապատում արդեն 2-րդ անգամ անցկացվեց Տոլմայի փառատոնը: Այն հատուկ էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին զուգահեռ, որպեսզի փառատոնի օտարերկրյա հյուրերը նույնպես ներկա լինեն մրցույթին:
Փառատոնի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակակ կազմակերպություն»-ն էր, որի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նպատակ ունեն վերհիշել հայ ժողովրդի ինքնությունը եւ պարզապես լավ ժամանակ անցկացնել:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով ողջունելով ներկաներին` նշեց, որ հայ տատերն ու մայրերը հայկական խոհանոցի միջոցով շեն են պահել հայ օջախները, որում հատուկ տեղ է զբաղեցնում տոլման:
Փառատոնում կային 20 տաղավարներ, որոնք ներկայացնում էին ռեստորանային համալիրները: Խոհարարները ջանք ու եռանդ չէին խնայել` լավագույնս ներկայանալու համար:
Ներկայացված էին ինչպես ավանդական տոլմայի տեսակներ, այնպես էլ նորամուծություններ` բողչատոլմա, կանեփով, ոսպոն, գառան մսով, դդմիկով, ձավարով, խնձորով, կիվիով, նարնջով եւ այլն: Ընդհանուր առմամբ մոտ 60 տեսակ:
Փառատոնի մրցավարական խորհրդի ղեկավար, վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ այս տարի ավելի շատ են հյուրերն ու ներկաները, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը մասսայականություն է վայելում:
«Նախորդ տարիներին հնարավոր էր հանգիստ մոտենալ տաղավարներին, իսկ այս տարի անհնար էր, քանի որ հյուրերն ու մասնակիցները շատ են»,-ասաց Ռ. Քոթանջյանը:
Փառատոնի հյուրերն ու ներկաները երջանիկ էին, որ նման միջոցառումներ են կազմակերպվում. «Շատ լավ միջոցառում է: Շնորհակալ ենք, որ առիթ է լինում նման միջոցառումներին մասնակցելու»,-ասաց Իռա Դարբինյանը:
Ժյուրիի կազմում էին ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը եւ այլք: Ժյուրիի անդամները համտեսեցին բոլոր տաղավարների տոլմաները եւ փակ վիճակահանությամբ ընտրեցին լավագույն տոլմա պատրաստողին:
Դրանից բացի նախատեսված էին նաև երեք անվանակարգ` «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն մտահղացում» եւ «Լավագույն բերք»:
Փառատոնն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





