Փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Նոր Հայաստան»-կուսակցության անդրանիկ համագումարը: Այն ազգային ազատական արժեքներ կրող քաղաքացիներին միավորող քաղաքական կազմակերպություն է, որը մերժում է ծայրահեղականությունը:
Կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը հաստատվեցին միաձայն: Կուսակցության նախագահ ընտրվեց Բաբկեն Հարությունյանը: Համագումարին մասնակցում էր 110 պատվիրակ: Ընտրվեց կուսակցության քարտուղարության և վարչության կազմը:
Համագումարին ներկա էին նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ և այլոք:
«Նոր Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, իր ծրագրերի հիման վրա: Այն գործելու է ժողովրդավարության, հրապարակայնության, թափանցիկության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով:
Կուսակցության նպատակներն ու խնդիրները հայոց ազգային անկախ պետականության ամրապնդումը, ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության կերտելն է, ՀՀ քաղաքական համակարգի կայունացմանը նպաստելը, քաղաքացիական հասարակության կառուցումն է և այլն: