Ռոզա Գրիգորյանը, չնայած 17 տարեկան է և ընտրելու իրավունք դեռ չունի, ուշի-ուշով հետևում է նախընտրական եռուզեռին՝ փորձելով ինքն իր համար հետևություններ անել: Հավաքել է բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, կարդում է, համեմատում:
-Ամեն առավոտ զանգում, իմանում եմ, թե տվյալ օրը ինչ միջոցառումներ կան, և անպայման աշխատում եմ ներկա գտնվել,- ասում է նա:
Մի քանի օր առաջ մասնակցել է «Ժառանգության» և ՀՀԿ-ի նախընտրական արշավների մեկնարկներին: Ցավոք, «Դաշնակցության» միջոցառմանը չի կարողացել գնալ:
Ռոզան նպատակ ունի ինքն էլ մտնել քաղաքականության ասպարեզ: Փորձում է հնարավորինս լավ ճանաչել և հասկանալ յուրաքանչյուր քաղաքական ուժին, որպեսզի 18 տարին լրանալու պես կողմնորոշվի, թե որին է անդամագրվելու: Ասում է, որ դա կանի իր երկրի և իր ժողովրդի համար: Նախորդ տարիներին Ռոզան չի հետևել քաղաքական անցուդարձին, բայց այսօրվա իր ակտիվությունը նրան կօգնի նաև 2013 թվականի նախագահական ընտրություններում կողմնորոշվել:
-Վերջին ժամանակներս,- պատմում է Ռոզան,- շատ եմ փոխվել. ավելի հայրենասեր եմ դարձել: Հայրենասիրությունն էլ այն չէ, որ միայն գոռաս, թե հայրենիքդ շատ ես սիրում: Պիտի քո անձը, քո անձնական շահը մի կողմ դնես և գործես հօգուտ երկրիդ: Առաջ մտածում էի, որ պիտի գնամ արտերկիր, բայց հիմա վստահ եմ, որ կմնամ Հայաստանում և կփորձեմ ինչ-որ բան փոխել:
Նա համարում է, որ հիմնականում բոլոր մեր քաղաքական գործիչները հայրենասեր են: Դա պարզ երևում է նրանից, թե ինչպես են նրանք ներկայացնում Հայաստանը միջազգային ատյաններում: Շատ է հարգում մեր նախագահին, նրա վարած քաղաքականությունը համարում ռացիոնալ և ճիշտ: Հպարտանում է, երբ միջազգային գիտաժողովներում պատվով է ներկայացնում մեր հայրենիքը:
Ռոզան գիտակցում է, որ քաղաքականությունը միշտ չէ արդար և մաքուր: Արմատապես չի ընդունում կաշառք գաղափարը: Երբեք չի վերցնի և քաղաքականություն մտնելուց հետո էլ երբեք չի տա կաշառք: Մինչև օրս ամեն ինչի էլ ինքն իր ուժերով է հասել ու այդպես էլ շարունակելու է:
-Մի օր էլ գուցե ԱԺ պատգամավոր կդառնամ ու լիազորություններիս աճին զուգընթաց՝ ավելի կբարեկարգեմ մեր երկիրը, կունենամ իմ ներդրումը իմ և հայրենակիցներիս ապագայի կառուցման հարցում:Ճիշտն ասած, հայրիկս խիստ դեմ է, որ ես քաղաքականությամբ զբաղվեմ, բայց երբ ժամանակը գա, ընտանիքով կհավաքվենք, կքննարկենք և կգանք մի որոշման: Ինչպես և միշտ ենք անում: Ամեն դեպքում, եթե մի բան որոշում եմ, անում եմ: