Երբ փորձում էի հեծանիվ քշել սովորել, մի քանի անգամ ընկա հեծանվից, մի քանի քերծվածք ստացա ու մի քանի օրից որոշեցի, որ միանգամից մեքենա վարել կսովորեմ, կարևորը, որ մեքենայից վայր չեմ ընկնի, ոտքերս էլ անիվների արանքում չեն մնա: Պատկերացնելն անգամ ցավոտ է: Լավ, ինչ որ է: Ես էլի շուտով հասկացա, որ միայն ես էի «անճոռնի ճուտիկը», մյուսները սովորեցին ու սկսեցին հեշտությամբ հեծանիվ քշել:
Այսօր հեծանիվը շարունակում է մնալ պրակտիկ փոխադրամիջոց: Նստում ես երկու անիվների վրա տեղակայված փոքրիկ նստարանին ու պոկվում տեղիցդ: Դե տեսեք, թե մեքենան քանի քայլով է ետ մնում այս հիասքանչ գյուտից: Դուռը բացում ես, նստում, կապում ամրագոտին կամ էլ ուղղակի գցում ես ուսիդ` իբր կապել ես, հետո շարժիչն ես գործի գցում... էլի մի քանի մանր-մունր գործողություններ ու մեքենան սկսում է առաջին քայլերն անել, իսկ հեծանիվն այդ ընթացքում կորչում է հորիզոնում: Տեսաք, թե որքան արագ է հեծանիվը:
Այսօր այնքան նորաձև ու ամենագնաց մեքենաներ կան շուկայում, բայց մեկ է` հեծանիվը շարունակում է պրակտիկ փոխադրամիջոց մնալ: Բացի այդ, այն նաև ժամանցի հետաքրքիր միջոց է: Երեխաներն ու երիտասրդները սիրում են հեծանվային արշավներ կազմակերպել` առողջ ապրելակերպին ընդառաջ գնալով:
Տեսանյութի երեխաները հեծանվի մեծ երկրպագուներ են, երբեք նրանց առանց հեծանվի չես հանդիպի: Նրանք պատմում են իրենց հեծանիվների մասին:
Հ.Գ. Երեւի հեծանվավարության դասերը նորից վերսկսեմ, դա գրելուց հասկացա: Մի կարևոր պլյուս ևս` հեծանիվ վարելու համար վարորդական իրավունք պետք չէ:
Արտավազդը և Կարապետը` ըստ խոսելու հերթականության: