Անցած տարվա հոկտեմբերին MyNews.am կայքում մենք անդրադարձել էինք Երեւանի Խանջյան փողոցում տեղադրված Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակի անմխիթար վիճակին:
«Հրապարակի կոտրված սալիկները, որոնց տակից արդեն երեւում է հողը, պարզապես փչացնում են Երվանդ Քոչարի ստեղծագործության տեսքը: Մի՞թե դժվար է քաղաքային իշխանություններին սալիկապատել եւ կարգի բերել հրապարակը, որը կրում է Ավարայրի ճակատամարտի հերոսի, մեծ զորավարի անունը», - նշել էինք մենք հարապարակման մեջ:
Հինգ ամիս անց իշխանությկուններն արձագանքեցին մեր հրապարակմանը: Ներկայումս հրապարակի բարեկարգման ուղղությամբ ընթանում են բուռն աշխատանքներ` ամբողջովին փոխարինվում են կոտրված սալիկերը նորով: MyNews.am-ի դիտարկմամբ` ամեն օր մոտ 20 աշխատող ներգրաված է սալիկապատման աշխատանքներին: Որոշ տեղեկություններով մինչեւ ամսվա վերջ աշխատանքները լիովին կավարտվեն: Ինչ խոսք, քաղաքի բարեկարգման համար դեռ հսկայական աշխատանք է պահանջվում, սակայն ուրախալի է, որ քաղաքային իշխանությունները հետեւում են մամուլի հրապարակումներին եւ շտկում բացթողումները: