Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Ժորա Ռայիսյանն ամեն օր աշխատանքից հոգնած գալիս է տուն և հանգստանում նորից աշխատելով, բայց այս անգամ իր սիրած գործով է զբաղվում՝ քանդակում է: Ինչպես ինքն է ասում՝ այս գործից հոգնել չունի, չի համբերում, թե երբ է գիշերը լուսանալու, որ կիսատ թողած քանդակը շարունակի ու ավարտին հասցնի: Շատ է պատահել, որ գիշերվա կեսին պարոն Ժորայի կինը՝ տիկին Զեփյուռը, ամուսնուն արհեստանոցում աշխատելիս է գտել: Կնոջ նախատինքներին ու հանգստանալու հորդորներին պարոն Ժորան պատասխանում է. «էնպիսի բան եմ հիշել, որ եթե հիմա չանեմ, էլ չեմ կարողանա անել»:
Դպրոցական տարիներին նկարելու նկատմամբ ունեցած սերը ժամանակի ընթացքում աճեց, զարգացավ ու քանդակելու շնորհ դարձավ: Դպրոցում սիրած առարկաները՝ գծագրությունն ու երկրաչափությունը, հետագայում նրան կյանքում պետք եկան: Աշխատում է տարբեր գործիքներով, որոնց մեջ կան նաև ինքնաշեններ: «Այն` ինչ կարողանում եմ անել, ինքնուրույն եմ սովորել՝ աշխատելու ընթացքում աստիճանաբար նոր տեխնիկաներ ու մեթոդներ հնարելով՝ կամաց-կամաց զարգացրեցի հմտություններս: Ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Դեռ մի դետալը չավարտած՝ մյուս դետալը գլխումս արդեն պատկերացնում եմ»,- ասում է Ժորան:
Նախկինում որևէ քնադակ սկսելուց առաջ նախ գծանկարն էր ստանում, հետո այնքան վարժվեց, որ գծանկարները գլխում են մնում՝ միանգամից սկսում է քանդակել: «Ցանկացած նկար նայելով կարող եմ պատկերացնել, թե ինչպես կարելի է այն քանդակել: Կինս ասում է՝ Ժորա չեղավ, որ մի գործ փչանա կամ չստացվի, ասում եմ՝ իմ ձեռքում ոչինչ էլ չի փչանա, եթե փչանա էլ, ձևը կփոխեմ»,- պատմում է Ժորան:
Շատ քրիստոնյա հայեր ցանկանում են իրենց տանը գոնե մեկ եկեղեցի ունենալ՝ թեկուզ քանդակի տեսքով, իսկ Ժորայի տանը հայկական եկեղեցիներն ու տաճարները՝ ինչքան ուզես: Զվարթնոցի տաճարից սկսած, մինչև «Մայր Հայաստանի» արձանը Ժորան տեղավորել է իրենց տանը: Հիշում է, որ շատ գործեր նվիրել է ընկերներին, բարեկամներին, եկեղեցիների:
Մի քիչ ափսոսում է, որ այդ գործերից էլ չի կարող ստեղծել, ասում է՝ նույն գործը երկրորդ անգամ չես ստեղծի: Մի քանի գործ էլ կարողացել է վաճառել, բայց շատ մատչելի: Այնուամենայնիվ, սրտի ուզածի չափ չի կարողանում սիրած գործով զբաղվել, որովհետև ապրել է պետք, իսկ ապրելու համար եկամտաբեր գործ պետք է ունենալ: Վաստակում է բնակարանների վերանորոգմամբ: «Այս գործում էլ եմ արագաշարժ. ես նման եմ դասը լավ սերտած երես առած աշակերտի, ով չի համբերում, թե երբ է պատասխանելու: Քանի որ գործիս լավ եմ տիրապետում, նախընտրում եմ արագ ավարտել ու մնացած ժամանակս քանդակներիս տրամադրել»,- ասում է Ժորան, ով վերանորոգման աշխատանքներին էլ է ստեղծագործաբար մոտենում: Իր վերանորոգած բնակարաններում ձեռագիրն անպայման թողնում է՝ քանդակների տեսքով:
Ժորան միշտ նոր բան ստեղծելու մասին է մտածում, խոսքը միայն քանդակների մասին չէ: Տան գործերում էլ է շատ հնարամիտ:
Տարիներ առաջ իրենց տան համար էլեկտրական օրորոց է պատրաստել, որն օրորվում էր առանց մեխանիկական ուժի գործադրման: Հետո որոշել է այդ միտքը զարգացնել, պետք էր ստեղծել այնպիսի օրորոցը, որը կօրորվեր երեխայի լացի ձայնից: Ափսոս, որ նրա այս գաղափարը մնացել է լոկ որպես գաղափար: Դրանից տարիներ անց լուրերից իմացել է, որ նման օրորոց մեկ ուրիշն արդեն ստեղծել է. այն, ինչն ինքը մտածել, բայց ի կատար չէր ածել:
Ժորան շատ է ափսոսում, որ այսօր իր հմտությունները նոր սերնդին փոխանցելու հնարավորություն չունի: Նշում է, որ հաճույքով դպրոցում կաշխատեր, եթե ԿԳՆ-ն դիպլոմ կոչվող թղթի կտորի փոխարեն մարդուն հավատար: «Թոռս էլ ֆուտբոլով է հետաքրքրվում, այս գործը նրան չի ձգում, ինձնից հետո բա Քարակերտում մեկին չթողնե՞մ որպես գործի շարունակող»,- մտահոգվում է Ժորան:
Քարակերտցի կերտողը նեղսրտում է, որ ցուցահանդեսների և նմանատիպ իրադարձությունների մասին չի կարողանում ժամանակին իմանալ, որպեսզի օգտագործի այդ միջոցառումները ներկայանալու և ճանաչվելու նպատակով: Ժորայի կինը շատ է ափսոսում, որ հաճախ իր ամուսնու ստեղծագործություններին միայն ինքն է հաղորդակից լինում: Խոստովանում է, որ հեշտ չի ստեղծագործող կողակից ունենալը. «Երբեմն նյարդայնանում է, որ իր աշխատանքներն անտեսվում են, ես նրան հասկանում եմ: Ափսոսում եմ, որ նմանատիպ աշխատանքները մնում են անտեսանելի ու չեն ճանաչվում շատերի կողմից»,- նշում է տիկին Զեփյուռը:
Հ.Գ. Վերջում Ժորան մի գաղտնիք բացեց: Կես կատակ, կես լուրջ ասում է, որ իր գործում ոչ միայն սիրտն ու հոգին, այլ նաև թոքերն է դրել: Պատմում է, որ Զվարթնոց տաճարի քանդակի պատուհանները պատրաստելու համար իր թոքերի ուլտրաձայնային ախտորոշման նկարն է օգտագործել. «Եթե Զվարթնոցի լույսերը միացնեք, թոքերս կտեսնեք»,- ծիծաղում է քանդակագործը: