Ուրախ տրամադրություն, ծիծաղ եւ պարզապես «դրայվ» դուք կարող եք ստանալ, դիտելով «Վայ, մամա ջան» ֆիլմը, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես եւ խոստացել էին ֆիլմի նկարահանողները եւ դերասանները, պրեմիերայից առաջ կայացած մամլո ասուլիսում, այս կատակերգությունում «խոսում էին միայն մաքուր հայերենով»: Փարք Աստծո, իրոք, այստեղ չկար ժարգոնային արտահայտություններ, որով հեղեղված են այսօրվա ժամանցային կատակերգությունները: Ֆիլմի յուրահատկությունը կայանում էր նաեւ նրանում, որ առաջին անգամ մեկ թատրոնի, տվյալ դեպքում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի, դերասաններն էին ներգրաված այստեղ: Այն, որ ֆիլմը նկարահանվել էր թատրոնի դերասանների ուժերով ուներ եւ դրական, եւ բացասական կողմեր: Դրականը այն էր, որ դերասանները լավ իրար ճանաչում եւ հասկանում էին եւ այդ առումով աշխատանքը ընդհանուր թիմում ավելի դյուրին եւ ներդաշնակ էր: Բացասականը այն էր, որ ֆիլմում չստացվեց հեռանալ որոշ «թատերական կլիշեներից»: Օրինակ` ֆիլմի երաժշտությունը զուտ թատերական էր, իսկ դերասաններից մեկը (կատակերգության հերոսի տատիկը) խաղում էր ընդգծված թատերական եւ երբեմն անբնական, հիշեցնելով ամանորյա թատերական ներկայացումներում այդքան մեզ ծանոթ «պառավ-տատիկին»: Սակայն դրականը շատ ավելի էր` ֆիլմը սուր էր, անսպասելի շրջադարձերով, հարուստ սյուժեով, պրոֆեսիոնալ դերասանախմբով: Ի դեպ, կատակերգությունը ամբողջովին նկարահանվել է Հայաստանի հումորի մայրաքաղաքում` Գյումրիում: Դերերում նկարահանվել են սիրված եւ մեզանում բավականին ճանաչում գտած դերասաններ` Արման Նավասարդյանը, Սերգեյ Դանիելյանը, Արմինե Պողոսյանը, Տաթեւ Ղազարյանը եւ այլոք: Ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակն է Սերգեյ Հայրապետյանը: