Հոկտեմբերի 29-ին Երեւանի Երգի Պետական Թատրոնում անցկացվեց հերթական վարպետության դասը, որը, ինչպես նախորդը, յուրովի էր:
Երգի Պետական Թատրոնի դահլիճում երգիչ Տիգրան Պետրոսյանն էր: Ուսանողները, բացի երգչին «բացահայտելուց», հնարավորություն ունեցան նաև վայելել նրա կատարումները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց ջազ. բոլորը ոգևորված և հիացած էին նրա կատարումներով:
Երգերի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան նաև ուղղել իրենց հարցերը: Նրա մեջ նկատելով հոգեկան մեծ հանգստություն, ուսանողներից մեկին հետաքրքրեց, թե որտեղից նրան այդքան հանգստություն. «Հանգստությունը թվացյալ է, իրականում այդքան էլ հանգիստ չեմ»,-պատասխանեց Տիգրան Պետրոսյանը:
Հարց հնչեց նաև այն մասին, թե ինչպես է հավատարիմ մնացել իր արվեստին և չի գնացել ռեստորան երգելու, ինչպես շատերը. «Ես չեմ գնացել ռեստորան, քանի որ ունեմ նաև ձայնային ռեժիսորի մասնագիտություն, սակայն եթե անգամ չունենայի էլ այլ մասնագիտություն, չէի գնա: Երաժշտությանը չպետք է վերաբերվել որպես ապրանք, երաժշտությունն արվեստ է»:
Հանդիպում-հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Տիգրան Պետրոսյանը երբեք կանգ չի առել դժվարությունների առաջ. «Երբ աշխատում էր թատրոնում, ապրում էր Մասիս քաղաքում՝ Երեւան էր գալիս հեծանիվով՝ 22կմ, գալիս էր, փորձ էր անում և հետ էր վերադառնում»,-պատմեց Արթուր Գրիգորյանը:
Այսպիսով, Երգի Պետական Թատրոնն իր ուսանողների համար պատրաստել էր ևս մեկ հագեցած, բովանդակալից և բացահայտումներով լի վարպետության դաս: