Փորձագետ. «Արմանիսի հանքի շահագործումը թափանցիկ չէ»
Փորձագետ. «Արմանիսի հանքի շահագործումը թափանցիկ չէ»
Հունիսի 29-ին Վանաձորում Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան կլոր սեղանի շուրջ քննարկելու Լոռու մարզում առկա բնապահպանական խնդիրները համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին «Վալլեքս» խմբի ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը, Վանաձորի «Օրհուս» կենտրոնից Պերճ Բոջուկյանը, Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնից Մանյա Մելիքջանյանը, Լոռու մարզպետարանի բնապահպանական բաժնի պետ պարոն Արտակ Դեմիրճյանը, «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության ծառայության պետ Ջեռմենտ Տեր-Ստեփանյանը, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Հանդիպման նպատակը խաղաղ երկխոսությունն էր բնապհապանական խնդիրներով մտահոգված լրագրողների, հանրային թղթակիցների և համապատասխան մարմինների միջև:
Հյուրերը խոսեցին ոլորտում առկա բացթողումների և ռիսկերի, իրենց մտահոգող խնդիրների մասին: «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչ տիկին Մելիքջանյանը հայտնեց իր մտահոգությունը Արմանիսի հանքի շահագործման պայմանների և անվտանգության խնդիրների առնչությամբ: Այս հանքի շահագործումը նա որակեց որպես «ոչ թափանցիկ», քանի որ հանքի դռները փակ են իրենց առաջ:
Մելիքջանյանն ասաց՝ Արմանիսի հանքի շահագործումից առաջացած թափոնները թափվում են Ձորագետի Չքնաղ կոչվող վտակը: Այս գետի ջուրը բնակիչների համար կենսական նշանակություն ունի, մարդիկ դրանից օգտվում են:
Փորձագետը նաև առանձնացրեց Ստեփանավանի բնապահպանական նշանակության մյուս կարևոր խնդիրը` աղբահանումը՝ նշելով, որ այս գործընթացը ևս սխալ հիմքերով է իրականացվում: Աղբը լցվում է Ձորագետի ափամերձ տարածքը եւ գետը: Նա իր մտահոգությունը հայտնեց նաև Ստեփանավանի ջրային ռեսուրսների պահպանման վերաբերյալ:
«Ցավալի է նաև, որ շատ ծաղկատեսակներ այսօր վերացման եզրին են: Ձնծաղիկի և մանուշակի որոշ տեսակներ հայտնվել են «Կարմիր գրքում»»:
Ինգա Զարաֆյանը խոսեց անտառների, ջրային և հողային ռեսուրսների վտանգվածության մասին և դրանց պատճառների շարքում առանձնացրեց Լոռիում գործող 123 ՀԷԿ-երը. «Մենք չունենք վերահսկողություն, պետք է փոխել մեր մոտեցումները, որ կարողանանք ապրել»:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





