Երբ բնությունը պայքարում է մարդկանց դեմ
Երբ բնությունը պայքարում է մարդկանց դեմ
Օդ, ջուր, հող, շրջակա միջավայր` Վանաձորում չորսն էլ պահպանման կարիք ունեն:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը կարծում է, որ իրենք 2006թ. սկսած` զբաղվել են Լոռու մարզի բնապահպանական խնդիրներով: Նա նշեց նաեւ, որ Լոռու մարզի թեժ կետերից մեկը անտառներն են: «1990-ական թթ. պաշտոնական հայտարարության համաձայն` Հայաստանում շուրջ 11,2 տոկոս անտառածածկ տարածք կա, եւ այս թիվը մինչ այսօր նույնն է մնացել: Սակայն մութ ու ցուրտ տարիներին 300 հա տարածք է հատվել, որն այդպես էլ մինչեւ այսօր չի վերականգնվել»,-ասում է Զառաֆյանը` հավելելով, որ Լոռու մարզը տարիների ընթացքում կորցրել է իր ամենաթանկ անտառափայտը:
«Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի մոտ 23 տոկոսն անտառածածկ է, մարզում կա 6 անտառ: Նա հիշեցրեց նաեւ, որ 2011-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, Լոռու մարզում 1900-ից ավելի ապօրինի անտառահատում է եղել:
ՀԿ-ի մեկ այլ անդամի` Մանյա Մելիքջանյանին, անհանգստացնում է Լոռու մարզում գտնվող Արմանիսի ոսկու հանքը: Ըստ նրա, այն գործում է ոչ թափանցիկ. «Մենք չունենք հավաստի տվյալներ, որ հանրությանը ներկայացնենք, թե ինչ է կատարվում այնտեղ»: Նա նշեց, որ մինչ հանքի շահագործումը տնօրենը խոստացել էր, որ Ձորագետ ոչ մի թափոն չի թափվի, սակայն, տիկին Մանյայի հավաստմամբ, թափոնները միայն Ձորագետ էլ թափվում են: «Դեպի ընկերություն տանող ճանապարհները, դռները փակ են մեզ համար: Դիմում եմ մարզպետարանին` եկեք միասին մտածենք եւ լուծումներ գնտենք»,- առաջարկեց նա:
Իսկ, ահա, «Վանաձոր կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության պետ Ջեռմենտ Տեր-Ստեփանյանին ամենեւին մեկ այլ հարց է հուզում: «Անտառը կպահպանվի, ջուրն ու օդն էլ մաքուր կլինեն, բայց ո՞ւմ համար»,-հարցնում է Տեր-Ստեփանյանը եւ հավելում, որ օրեցօր մարդկանց թիվը պակասում է:
«Վալլեքս» խմբի մամլո քարտուղար Վահրամ Ավագյանը կարծում է, թե բնապահպանությունն այն թեման է, որտեղ պատասխանատու մոտեցումն ուղղակի անհրաժեշտություն է: Ինֆա Զառաֆյանի հարցին, թե արդյո՞ք «Վալլեքսը» մինչեւ հիմա աշխատում է Թեղուտի շահագործման հետ կապված կառավարության այն որոշման հիման վրա, որն ընդունվել է 2007թ., Ավագյանը պատասխանեց` այո: Սակայն ուշագրավ է այն, որ 2007-ին կառավարությունը «Վալլեքսին» տվել է Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն, չնայած դրան` ընկերությունը ներկայացրել էր ընդամենը 8 տարվա ծրագիր: Սա դեռ ամենը չէ, Ավագյանը տեղեկացրեց, որ իրենք նախատեսում են հանքը շահագործել 70 տարի ժամկետով:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





