Ինչպիսին տիպի լինի հեռուստաեթերը
Ինչպիսին տիպի լինի հեռուստաեթերը
Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ քննարկել է օրեր առաջ մի շարք մտավորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված նամակը, որով նրանք իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստաեթերի ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ: Որպես արդյունք՝ որոշում է ընդունվել փոխել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը` մասնավորապես ներկայացվող հումորն ու սերիալները:
Բանաստեղծ-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կարծում է՝ էս արշավից ոչ մի օգուտ հեռուստատեսությունը չի ունենա, այլ կունենա վնաս, որովհետեւ ամբողջ շեշտը դրվում է կանոններ մշակելու, ինչ-որ սահմաններ դնելու, այսինքն արգելելու վրա.
«Երբ որ մարդկանց հարցնում ես, թե ինչ ծրագրեր կուզեն, միայն ասում են ազգային կերպարը պետք է ներկայացնել: Իրականում, եթե իսկապես իրանք որոշեն ու ներկայացվի միայն ազգայինը, ապա հեռուստատեսությունը կդառնա ազգագրական ինչ-որ մեռյալ տեղ»:
Մինչդեռ, Պետրոսյանի համոզմամբ, այսօրվա հումորը մերկացնում է իրականությունը եւ ցույց տալիս իրական կյանքը. «Կա ընդամենը մեկ պոզիտիվ, կենդանի շերտ, որը հումորն է: Ճիշտ ա՝ մի քիչ կպնում ա Հայաստանի իրականությանը կոպիտ ձեւով, բայց Հայաստանի իրականությունը հենց էդպիսինն է: Շատերին նեռվայնացնում ա, բայց շատ իզուր: Ուզում են փակել այն նեռվը, որը ցույց ա տալիս իրականությունը»:
Ավելին, բանաստեղծուհին կարծում է՝ եթե հումորը հեռացվի հեռուստատեսությունից եւ մեծ տեղ հատկացվի ազգային, ավանդական կերպարին, ապա կունենանք սովետական հեռուստատեսություն. «Այս արշավի մեջ ինձ ամենաշատը հուզում է այն, որ մարդիկ հակառակ բան են պահանջում: Փոխեք սա, փոխեք նա. այս նեգատիվիզմը կարող է բացասական արդյունքի հանգեցնի: Պետք է իմ ու ձեր խնդիրները լուծվի, այլ ոչ սովետին վերադառնանք»:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, ի հակառակ, կարծում է՝ մշակույթը ճաշակով չի ղեկավարվում, այն ունի իր նպատակներն ու օրենքը.
«Ի՞նչ է՝ մարդուն վիրավորելը, հայհոյելը, գռեհկաբանությունը հումո՞ր է: Եթե ազգային արժեքներ ներկայացնող աջարական խաչապուրին ներկայացնում են կնոջ հեշտոցի տեսքով, ապա դա ես հումոր չեմ կարող համարել»:
Գեղանկարիչն ասում է՝ այսօրվա հեռուստաընկերությունը փոխելու խիստ անհրաժեշտություն ունի. «Պետք է զգույշ եւ հոգատար լինել, այսօր մարզերում երեխաները մեծանում են հեռուստացույցի դիմաց: Պետք է որակյալ հաղորդումներ թողարկել»:
«Ես ուզում եմ իմ երեխան այլանդակություններ չդիտի, ես գումար եմ տալիս որակի համար, այլ ոչ թե երգող-պարող թեթեւսոլիկների համար»,- հավելում է Շահումյանը:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք





