Լեզվի արատ ունեցող տղան շփման կարիք ունի
Լեզվի արատ ունեցող տղան շփման կարիք ունի
19-ամյա Սիմոն Զազյանն ազատ ժամանակ շատ ունի` առավոտից երեկո տանը նստած է: Միակ զբաղմունքը հեռուստացույց դիտելն է: Կրթություն չի ստացել, տառերը չգիտի: Աշխատասեր է, խելացի, լսող եւ ցանկանում է ֆուտբոլ խաղալ սովորել ու ֆուտբոլիստ դառնալ: Սիմոնն ապրում է քրոջ խնամակալության տակ, ունի առողջական խնդիրներ:
Ինչպես քույրը` Վարդուհին է ասում, ունի լեզվի արատ եւ մտավոր սահմանափակ հնարավորություններ: «Հոգեբաններն ու բժիշկներն ասացին, որ խոսակցական կենտրոնի կանգ ունի: Եղբայրս առաջին կարգի հաշմանդամ է»: 2003 թ. մահացել է հայրը, իսկ 2010-ին` մայրը: Հորաքույրը պատմում է. «Հոր մահը շատ ազդեց վրան: Ասում էր պապան հող դառավ, Սիմին էլ հող դառնա» (Սիմոնն իրեն Սիմի է անվանում): «Սիմին ուտի, Սիմին կուշտ, Սիմին առնի» եւ նման մի քանի բառակապակցություններից բացի այլ բառեր տղան չի կարողանում արտաբերել: Քույրը պատմում է, որ երբ մայրը ողջ էր ու անկողնային հիվանդ, Սիմոնը մոր դրամապանակից հազար դրամ է վերցրել(նա գումար չի ճանաչում, պատահական էր այդքան վերցրել) ու նարգիզ էր գնել, նվիրել մորը: «Բոլորս էլ զարմացանք, մայրս շատ էր հուզվել, նրա առաջին նվերն էր»: Ժամանակին ցանկացել են Սիմոնին արհեստ սովորեցնել, բայց անգամ տրանսպորտի համար գումար չի եղել:
«Երբ մայրը ողջ էր, բերեց 2-րդ մասիվի գիշերօթիկ դպրոց, բայց գիշերները չէր մնում Սիմոնը, մորից էն կողմ չէր գնում: Տենց երկար չէր կարող շարունակվել, իրանք վարձով էին ապրում Քանաքեռում ու տրանսպորտի գումար չունեին, որ ամեն օր մերը բերեր-տաներ»,- ասում է Օֆելյա հորաքույրը: Հայրական տունն Աշտարակում է, սակայն Վարդուհու ամուսնանալուց հետո տեղափոխվել են Երեւան:
«Օժիտ չուներ, անմեր, անհեր ամուսնացավ ու դեռ մի հատ էլ հիվանդ ախպորը վզին տարավ կիսուրի տուն»,- ասում են հորաքույրերը: Իրենք էլ, ինչպես ասում են, թոշակառու են ու չեն կարողանում օգնել: Վարդուհու նորաստեղծ ընտանիքն էլ ֆինանսապես բարվոք վիճակում չէ` տանն աշխատող չունեին, իսկ ամուսնու աշխատանք գտնելուց հետո Սիմոնի նպաստն էլ կտրել են: Սիմոնն այժմ ստանում է 19.000 դրամ, որը քրոջ ասելով չի բավականացնում տղայի ծախսերը հոգալու համար: «Ամուսինս աշխատանք է գտել, վարորդ է, ամսական ստանում է 80 հազ. դրամ: Հիմա Սիմոնի «Փարոսը» կտրել են`ասելով, որ տանն աշխատող կա,- գանգատվում է տղայի քույրը եւ ասում, որ ամուսնու աշխատանքով չեն կարող ապրել,- տանը տալ, կիսուր ունեմ, երկու տղա, իսկ Սիմոնն էլ իմ երրորդ տղան է»: «Էս երեխուն կոշիկ է պետք, գուլպա, մայկա: Ինչի՞ պետք է ուրիշը առնի տա, գոնե «Փարոսը» չկտրեին»,- հավելում է Օֆելյա հորաքույրը:
Բացի ֆինանսական խնդիրներից նրանք ունեն նաեւ բնակարանի խնդիր: Ապրում են մեկ սենյականոց տանը, որը խիստ փոքր է վեց հոգու համար: Այժմ անապահով ընտանիքն ուշադրության կարիք ունի ու հույսը չի կտրում, որ մի օր էլ հաջողությունն իրենց դուռը կթակի, իսկ բարի մարդկանց միջոցով Սիմոնը որեւէ արհեստ կսովորի եւ, ինչու ոչ, նաեւ` կաշխատի: Ռուբինա Սաֆարյան Ազնիվ Շահազիզյան
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք




