Ըհն, մյուս ոտքս էլ տեղավորեցի...
Ըհն, մյուս ոտքս էլ տեղավորեցի...
-Ժողովու՜րդ, մի քիչ էլ առաջ գնացեք, չեմ տեղավորվում:
-Ա՜խ մեջքս, դուռը ջարդեց։
-Ըհն, մյուս ոտքս էլ տեղավորեցի։
Եվ այս արտահայտություններն արդեն սովորական են դարձել դիլիջանցիների համար։ Խոսքը տրանսպորտի մասին է, որի մասին մտածելն արդեն իսկ սարսափ է առաջացնում, իսկ երբ առավոտյան զարթնում եմ և հիշում, թե ինչպես եմ հասնելու դպրոց՝ սիրտս ճաքում է, քանի որ դարձյալ պայքարելու եմ, որ գոնե մեկ ոտքի տեղ ճարեմ, որ հանկարծ դասից չուշանամ, իսկ ոտքով գնալն էլ դժվար է, քանի որ դպրոցը բավականին հեռու է ջրհողեր թաղամասից։ Խոսքը միայն իմ մասին չէ, երևի դուք էլ կռահեցիք, որ այս հարցը վերաբերում է ջրհողեր թաղամասի բոլոր աշակերտներին։
Քանի որ ավտոբուսները աշխատում են կես ժամը մեկ, իսկ առավոտյան՝ 8:30-ին մարդիկ նույնպես աշխատանքի են, ուստի այս ժամերին ավտոբուսում ասեղ գցելու տեղ չի լինում։ Տառապանքները մի փոքր թեթևանում են, երբ որ այդ ավտոբուսից հետո գալիս է մեկ այլ ավտոբուս, որը նախատեսված է երկրորդ դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար: Այդ վարորդը մի փոքր գթասրտություն է անում և վերցնում է նաև մեզ։
Շաբաթ օրերը նախընտրում եմ չհիշել, որովհետև ուղղակի մղձավանջային է: Այդ օրը երկրորդ դպրոցի համար աշխատանքային օր չէ, ուստի այդ ավտոբուսը չի աշխատում, արդեն ինքներդ էլ կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում ավտոբուսի ներսում: Այնքան ենք «բթվում», որ նույնիսկ մոռանում ենք, թե ինչ բան են ձեռքերն ու ոտքերը և չենք էլ մտածում, թե քանի մարդու ենք ապաստան տվել մեկ ոտքի վրա։ Այնքան ամուր ենք բռնվում միմյանցից, որ ամեն կանգառին դուռը բացելու ժամանակ չընկնենք ավտոբուսից։ Եվ այս սարսափելի կարգավիճակով ստիպված ենք լինում հասնել մինչև դպրոց, որից հետո ընդունում ենք «լխկած պանիրի» տեսք։
Սա դեռ հիմնախնդրի մի կողմն է։ Մյուս կողմն այն է, որ ավտոբուսները բավականին հին են։ Դրանք այն ավտոբուսներն են, որոնք օգտագործվել են դեռևս խորհրդային տարիներին և բանեցվում են մինչ այժմ:
Իսկ դուք կհամարձակվեի՞ք երթևեկել նման պայմաններում և այդ ավտոբուսներով:
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք






ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ