ՀՏ Հայկոն և Նարեկը գնալու՞ են ընտրության
ՀՏ Հայկոն և Նարեկը գնալու՞ են ընտրության
Ռեփը գաղափարախոսություն է և քաղաքական գործիչները հաճախ են օգտագործում դրա ուժը նախընտրական քարոարշավի ժամանակ: Միջազգայյին փորձում սա ընդունված է, իսկ Հայաստանում ժանրին դեռ մեծ կարևորություն չեն տալիս… համենայն դեպս այդպիսին է տպավորությունը, երբ հետևում ես նախընտրական քարոզարշավի երաժշտական ուղեկցությանը:
Քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու մասին խոսեցինք ռեփերներ ՀՏ Հայկոյի և Նարեկի հետ: Հայկոն ասաց, որ ինքը հետաքրքրված չէ քաղաքականությամբ, երբևէ ընտրության չի գնացել, այս տարի էլ չի գնալու. «Միևնույնն է, սիստեմը նույնն է, տարբերություն չկա, թե ով կլինի դրա վերևում, կարևորը մարդիկ հասկանան, որ իրենք են իրենց ճակատագրի տերը: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ինքն իրենով ուժ է ու ինքնուրույն պետք է ճանապարհ հարթի իր համար՝ անկախ նրանից, թե ով է նստած վերևում»,- կարծում է ռեփերն, ում համոզմամբ երգիչների 90 տոկոսը գումար աշխատելու համար է մասնակցում նախընտրական քարոզարշավներին:
«Մեզ մոտ ռեփերները ներգրավված չեն քաղաքականությունում, չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված»,-ասաց ՀՏ Հայկոն ու պատմեց, որ քաղաքական առաջարկներ ստացել է, բայց երևի իր պահանջած հոնորարը նրանց չի գոհացրել. «Սա այն գործը չէ, որը ես մեծ հաճույքով կանեմ, այդ իսկ պատճառով միայն մեծ գումարով կհամաձայնեմ ներգրավվել այդ ամենի մեջ: Եթե գումարի կարիք չունենայի, առհասարակ չէի համաձայնի մասնակցել»:
Նարեկը, ճիշտ հակառակը, հետաքրքրված է քաղաքականությամբ, մեր զրույցի ժամանակ նա պատմեց, որ քաղաքական ուղղվածությամբ երգեր ունի, որոնք առայժմ հանդիսատեսին չի ներկայացնի. «Ես ՀՀ քաղաքացի եմ ու իմ պարտականությունն է գնալ ընտրության: Կողմնորոշվել եմ իմ քաղաքական հայացքներում ու դա արտացոլվում է նաև այդ ենթատեքստով երգերումս, որոնք կներկայացնեմ ընտրություններից հետո:)»,- ասաց ռեփերն ու հավելեց, որ այս նախընտրական քարոզարշավին չի մասնակցում, քանի որ հիմա միայն ստեղծագործական աշխատանքով է զբաղված ու չի ցանկանում մասնակցել քաղաքական գործընթացներին: Նարեկի փոխանցմամբ՝ այս շրջանում առաջարկներ ստացել է, որոնք մերժել է:
Հայ քաղաքական գործիչների՝ ռեփով քիչ հետաքրքրվելը Նարեկը պայմանավորում է Էստրադային երգիչների ավելի մեծ լսարան ունենալով, ինչն, իր համոզմամբ, ժամանակավոր է: «Էստրադային երգիչները չեն էլ կարևորում, թե ում կողքին կկանգնեն, կարևորը գումար ստանան ու նոր մեքենա գնեն»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ ինքը նույնիսկ մեծ գումարներով ելույթ չի ունենա մի կուսակցության համար, որի գաղափարակիցը չէ:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՏ Հայկոյի և Նարեկի անձնական արխիվից
- Մեկնաբանություններ թողնելու համար`մուտք գործեք կամ գրանցվեք











